Men's Health ամսագրի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամուսնությունը տղամարդկանց սննդակարգն ու քաշը փոխելու հատկություն ունի: Բացի այդ էլ, Լիդսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ ամուսնացած տղամարդիկ, միայնակների հետ համեմատությամբ, առավել բարձր քաշով են աչքի ընկնում:

Երեւույթի պատճառն այն է, որ ամուսնացած տղամարդկանց մոտ քաղցրեղենի նկատմամբ հակում է առաջանում: Ի հավելումն՝ ամուսնությունից հետո արական սեռի ներկայացուցիչները սկսում են ավելի շատ ալկոհոլ օգտագործել, հաղորդում է The Daily Mail-ը:

Բացի այդ, ինչպես գիտնականներն են պարզել, հարսանիքը հետեւում թողած տղամարդիկ ավելի շատ են մրգեր եւ չմաղած ալյուրից պատրաստված հաց օգտագործում, քան նրանք, որոնք դեռեւս ամուսնության մասին որոշում չեն կայացրել:

Ի տարբերություն ամուսնալուծվածների՝ ընտանիքը պահպանող տղամարդկանց սննդակարգում առավելապես յոգուրտի դերն է նկատելի, իսկ ահա ամուրիների հետ համեմատությամբ՝ շոկոլադինը:

Միեւնույն ժամանակ պարզվել է, որ ամուսնությունից հետո տղամարդկանց սննդակարգում ճարպոտ խորովածն ու համբուրգերն իրենց դիրքերն աստիճանաբար այլ սննդատեսակների են զիջում: 

Նախընթաց հետազոտությունների արդյունքներն այն մասին էին վկայում, որ կանայք եւս ամուսնությունից հետո քաշ ավելացնելու հակում ունեն:

Գիտնականները չեն կարող հստակ ասել, թե ինչու է ամուսնությունը տղամարդկանց սննդակարգի եւ քաշի վրա անդրադառնում: Միգուցե ամուսնանալուց հետո գալիս են այն մտքին, որ կարող են մի փոքր թեթեւացած շո՞ւնչ քաշել:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ միայն այն տղամարդիկ են գիրանում, որոնց կանայք համեղ ուտեստներ պատրաստելու կարողություն ունեն:

Իսկ որոշ գիտնականներ էլ ենթադրում են, թե կանայք դիտմամբ են իրենց ամուսիններին չափից շատ կերակրում՝ այլ կանանց համար նվազ գրավիչ դարձնելու նպատակով: