Շատերն են տեղյակ, որ երիկամային քարերը կարող են աննկարագրելի ցավ պատճառել: Իսկ ով անձամբ է զգացել՝ երբեք չի ցանկանա նույն պատմության մեջ ընկնել: Երիկամային քարերը միզուղիներին վերագրվող ամենատարածված խանգարումներից մեկն են համարվում: Երեւույթից խուսափելու համար ստորեւ բերված կանխարգելիչ միջոցառումներն ենք առաջարկում: Եւ այսպես՝
Ինչպես կանխարգելել.
1. Շատ ջուր խմեք. Երիկամային քարերի առաջացման հիմնական պատճառը ջրազրկումն է: Այնպես որ, հատկապես ամռան ամիսներին, երբ օրգանիզմին անհրաժեշտ հեղուկների ծավալի պակասորդ ցանկացած պահի կարող է զգացվել, հարկավոր է հնարավորինս շատ ջուր խմել: Մասնավորապես, բարձր ֆիզիկական ակտիվություն ցուցաբերող մարդիկ նախքան տնից դուրս գալը՝ մեկ կամ երկու ժամ առաջ պետք է միջինը կես լիտր հեղուկ ընդունեն: Իսկ օրական ընդունված հեղուկի ծավալը պետք է առնվազն երկու լիտր կազմի: Ջրազրկման ախտանշաններն են ուժասպառությունը, ախորժակի կորուստը, մաշկի կարմրությունը, ջերմության նկատմամբ բարձր զգայունությունը, գլխում ծանրության զգացումը, մուգ գույնի մեզը եւ չոր հազը:
2. Նատրիումի սպառման ծավալները սահմանափակեք. Այս միջոցը մեզի մեջ կալցիումի բաղադրությունը եւ այդ կերպ քարերի ձեւավորման հավանականությունը նվազեցնելու նպատակ է հետապնում: Այնպես որ, նախ եւ առաջ փորձեք աղի սպառումը սահմանափակել եւ սննդամթերքի բարձր վերամշակում անցած տեսակներից խուսափել:
Երիկամային քարերի առաջացման հավանականությունը բարձր է նաեւ այն մարդկանց մոտ, որոնք հիվանդության ընտանեկան պատմություն կամ երեւույթի հետ «շփման» փորձ ունեն:
Ուրոլոգ Օմար Օրտիզ-Ալավարադոն, երիկամաին քարերի առաջացումը կանխելու նպատակով, խորհուրդ է տալիս սննդակարգին հետեւել եւ, մասնավորապես, սպիտակուցներով հարուստ սննդատեսակների չարաշահումից խուսափել: Խոսքը հիմնականում մսամթերքին, ձվին, ձկնեղենին, ինչպես նաեւ ֆասթֆուդին է վերաբերում. վերջինս նաեւ աղի բարձր բաղադրությամբ է աչքի ընկնում:
Ինչպե՞ս կարող եք հասկանալ, որ երիկամային քար ունեք.
Դոկտոր Օրտիզ-Ալվարադոն երիկամային քարերի առաջացման հետեւյալ ախտանշաններն է մատնանշել.
• Ցավ՝ միզելու ընթացքում
• Մեզի մեջ արյան առկայություն
• Որովայնային ցավեր
• Ցավեր՝ մեջքի վերին հատվածում
Լավ նորությունն այն է, որ երիկամային քարերից ազատվելու բազմաթիվ միջոցներ գոյություն ունեն: Փոքր չափեր ունենալու դեպքում դրանք տարիներով կարող են առանց ախտանշանների գոյատեւել, սակայն երբ ցավեր կամ անհարմարության զգացում է առաջանում՝ նշանակված դեղամիջոցների օգնությամբ կարող եք բնական անցում ապահովել:
Բուժման ինչպիսի՞ այլ եղանակներ գոյություն ունեն
Որպեսզի դեղամիջոցներն օգնեն՝ ախտորոշումը պետք է ձեւավորման վաղ փուլում իրականացվի: Առավել մեծ չափեր ունեցող քարերի առկայության դեպքում դոկտոր Օրտիզ-Ալվարադոն միջամտության մի քանի տարբերակ է տեսնում:
• Ալիքային լիտոտրիպսիա — վիրահատական միջամտություն չպահանջող գործընթաց, որն ալիքների միջոցով երիկամային քարերը քայքայելու եւ մանր՝ ինքնուրույն արտանետման ենթարկա կտորների վերածելու նպատակ է հետապնդում:
• Ուրետերոսկոպիա — այս պրոցեդուրան եւս վիրահատական միջամտություն չի պահանջում: Այն իրականացնելիս մասնագետը հիվանդի միզածորանի միջով ներթափանցող գործիք է կիրառում, որը լազերի միջոցով երիկամային քարը ջարդելու հնարավորություն է ընձեռում: Այնուհետեւ մանր կտորները փոքրիկ զամբյուղի մեջ են հավաքվում՝ նույն ճանապարհով հեռացման համար: Թեեւ դրանց որոշ մասն էլ հետագայում ինքնաբերաբար կարող են արտանետվել:
• Ներմաշկային նեֆրոլիտոտոմիա — վիրաբուժական պրոցեդուրա, որի պարագայում մասնագետը շուրջ 2.5 սմ տրամագծով անցք է բացում հիվանդի մեջքին՝ մեծ եւ անանցանելի քարերը հեռացնելու նպատակով: Սովորաբար երկու օրվա ընթացքում հիվանդը կարող է դուրս գրվել բուժհաստատությունից:






