Սրտի վիրաբուժական միջամտություն իրականացնող բժիշկները, հետվիրահատական բարդություններից խուսափելու նպատակով, սկսել են կնոջ ընկերքից պատրաստված սպեղանի կիրառել, հաղորդում է The Daily Mail-ը:
Այն ընկերքի ներքին՝ պտղին արյուն եւ սնուցիչներ մատակարարող շերտից՝ հակաբորբոքային ազդեցությամբ եւ նոր արյունատար անոթների ձեւավորում խթանելու հատկությամբ աչքի ընկնող ամնիոտիկ մեմբրանից է պատրաստվում:
Մասնագետների համոզմամբ, հատուկ սպեղանին կարող է սրտի վիրահատությունից հետո հաճախակի ի հայտ եկող բարդություններից, մասնավորապես՝ նախասրտերի թրթռումից (շողացում) խուսափելու միջոց ծառայել:
Վերոհիշյալ խանգարման պարագայում սրտի խթանիչը սխալ ազդակներ է ստանում, ինչը կարող է օրգանի անկանոն եւ արագ աշխատանքի հանգեցնել, արդյունքում էլ՝ ինսուլտի առաջացման պատճառ դառնալ:
Աորտակորոնար շունտավորման եւ սրտի այլ՝ բաց վիրահատության ենթարկված հիվանդների 40 տոկոսի մոտ, վիրահատությամբ պատճառված բորբոքման արդյունքում, կարող է նախասրտերի շողացում զարգանալ: Ճիշտ է՝ նման դեպքերում հիվանդությունը վերահսկողության տակ առնելու ընդունակ բետա արգելակող դեղամիջոցներ են կիրառվում, սակայն դրանք էլ բազմաթիվ կողմնակի ազդեցություններ կարող են ունենալ, ինչպիսիք են հոգնածոթյունը, իմպոտենցիան, սրտխառնոցը, փսխումը եւ արեւի լույսի նկատմամբ բարձր զգայունությունը:
Նոր սպեղանին հիշյալ բարդություններից խուսափելու այլընտրանք է առաջարկում: Բժիշկները վստահ են, որ այն վիրահատությամբ պատճառված հյուսվածային բորբոքումները չեզոքացնելու հնարավորություն է ընձեռում:
Բուժամիջոցի պատրաստման եւ կիրառման եղանակը հետեւյալն է. կեսարյան հատման ենթարկված կնոջ ընկերքից հեռացված հյուսվածքները մաքրվում են, ախտահարվում եւ անհրաժեշտ չափերի բերվում, այնուհետեւ էլ՝ վիրահատության ավարտից հետո, մեմբրանի կպչուն հատկության շնորհիվ, հեշտությամբ սրտապարկի բացված մասին ամրացվում:
Ընկերքից ստացված սպեղանին դեռեւս փորձարկումների շրջանակում է կիրառվում, որոնց հերթական փուլը ընթացիկ ամսին՝ Արիզոնայի համալսարանում է մեկնարկելու: Պսակաձեւ զարկերակի շունտավորման սպասող 50 հիվանդներ վիրահատությունից հետո իրենց սրտին նորարարական սպեղանին են կրելու:
Բուժամիջոցի մտահղացումը Amnio Technology ընկերությունը ներկայացնող մասնագետներն են տվել, որոնք պնդում են, թե այն կարող է նաեւ այլ տիպի վիրահատությունների ընթացքում օգտագործվել: Սպեղանին ոչ միայն արագ ապաքինմանն է նպաստում, այլ նաեւ, մաշկի գլխավոր բաղադրիչներից մեկի՝ կոլագենի հարուստ բաղադրության շնորհիվ, կարող է սպիավորումից խուսափելու հնարավորություն ընձեռել:






