Համարվում է, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակն ավելի վարակիչ է: Եթե այս վարկածը հաստատվի, մինեւնույն է, դա չի փոխի կորոնավիրուսի դեմ պայքարի, մասնավորապես, պատվաստումների առկա ծրագիրը: Նման կարծիք է հայտնել Աթենքի Կապոդիստրիայի համալսարանի բժշկական ամբիոնի դոցենտ, համաճարակաբան Գիքաս Մայորկինիսը (Հունաստան):
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մեծ Բրիտանիայում այժմ կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի նշաններ են նկատվում. մի քանի օրվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման ավելի քան 30.000 նոր դեպք: Ընդ որում, ՄԹ-ում մահացության մակարդակը կայունացել է` կազմելով օրական 500 մահվան դեպք:
Հունաստանում դեպքերի թվի տեմպն ավելի դանդաղ է նվազում, քան աճն էր նոյեմբերի սկզբին: Գիտնականը կարծում է, որ համաճարակաբանական իրավիճակը կարող է կարճ ժամանակում կտրուկ վատթարանալ, այդ իսկ պատճառով Սուրբ Ծնունդն այս տարի պետք է նշվի ոչ սովորականի պես:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր ձեւը լայն տարածում է գտել Մեծ Բրիտանիայում եւ արագորեն փոխարինում է նախորդին: Մուտացված վիրուսը հայտնաբերվել է նաեւ Նիդեռլանդներում, Դանիայում, Ավստրալիայում եւ Իտալիայում:
Չնայած մուտացիան կարող է հարուցիչն ավելի վարակիչ դարձնել, չկա որեւէ ապացույց, որ այն դյուրացնում է SARS-CoV-2-ը վիրուսի փոխանցումը կամ ավելի վտանգավոր է դարձնում այն: Չնայած դրան` Մեծ Բրիտանիայից մուտքի սահմանափակումներ են մտցվել եվրոպական երկրների մեծ մասում. Օրինակ` Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում:






