Նեւրոզ բառը վերջերս ամենուրեք բավական հաճախ է հնչում, սակայն քչերը գիտեն, թե ինչ է նեւրոզն իրականում իրենից ներկայացնում։
«Նեւրոզները մարդու հոգեկան աշխարհի պաշտպանողական մեխանիզմներից են։ Սակայն դրանք շեղված մեխանիզմներ են, որոնք հսկայական հոգեկան էներգիա են տանում», - կարծում է հոգեբան Ռուբեն Պողոսյանը։
Առաջին անգամ «նեւրոզ» հասկացությունն օգտագործել է շոտլանդացի բժիշկ Վիլյամ Կալլենը՝ դեռ 1776 թվականին։
Այսպիսով, ի՞նչ է նեւրոզը: Դա մարդու հոգեբանական խնդիր է, գիտական լեզվով ասած՝ ֆունկցիոնալ պսիխոգեն խանգարումների խումբ, որոնց հաճախ հատուկ են լինում կպչուն կամ հիստերիկ դրսեւորումներ, ինչպես նաեւ ֆիզիկական եւ մտավոր աշխատունակության ժամանակավոր անկում։ Նեւրոզ ունեցող մարդը սովորաբար դժգոհ է իրենից, իր կյանքից, իր եւ այլ մարդկանց գործողություններից: Նա չափազանց շուտ է հոգնում, իսկ նրա տրամադրությունը խիստ փոփոխական է լինում:
Ռուբեն Պողոսյանի խոսքով, նեւրոզ ունեցող մարդուն դժվար է լինում կենտրոնանալ, պրոդուկտիվ եւ ստեղծագործական լինել աշխատավայրում կամ ուսման ժամանակ։ Նա նաեւ սիրում է անորոշությունը, ասես աշխատում է անորոշության մեջ ապրել:
Նեւրոզները սովորաբար առաջանում են արտաքին կամ ներքին կոնֆլիկտային իրավիճակների հետեւանքով, սթրեսային պայմաններում կամ երկարատեւ էմոցիոնալ լարվածության հետեւանքով:
Ինչպե՞ս է արտահայտվում նեւրոզը: Ինչպե՞ս է այն կարելի ճանաչել:
Բնականաբար, ճանաչել այն կարող է մասնագետը, քանի որ նեւրոզները երբեմն կարելի է շփոթել այլ խնդիրների հետ:
Նեւրոզների հոգեբանական ախտանիշները հետեւյալն են.
- Հոգեբանական ճնշվածություն,
- Շփման հետ խնդիրներ,
- Ոչ ադեկվատ ինքնագնահատական՝ կամ շատ բարձր, կամ շատ ցածր,
- Անհիմն անհանգստության, վախի զգացում; երբեմն՝ ֆոբիաներ, ուժեղ եւ անկառավարելի վախեր,
- Արժեքների, կյանքի, իր եւ այլ մարդկանց մասին հակասող եւ անորոշ պատկերացումներ,
- Տրամադրության անկայունություն,
- Սթրեսների հանդեպ զգայունություն,
- Նեղացկոտություն եւ լացկանություն,
- Աշխատունակության անկում, հիշողության, ուշադրության, մտածողական կարողությունների վատացում,
- Զգայունություն բարձր ձայների, լույսի, օդի գերմաստիճանի փոփոխությունների հանդեպ,
- Քնի խանգարումներ:
Հիշեցնենք, որ, Ռուբեն Պողոսյանի կարծիքով, Հայաստանում վերջին տարիներին աճել է նեւրոզներով տառապող երեխաների թիվը: Դա հավանաբար կապված է այն բանի հետ, որ ժամանակակից երեխաների կյանքում սթրեսային իրավիճակները, ցավոք, շատացել են:






