Անգլիական Դորսեթ կոմսության Բորնմութ քաղաքի 56-ամյա բնակիչ Լի Մաբեթը կորցրել է ոտքը կորոնավիրուսի պատճառով. նրա ոտքը ստիպված էին անդամահատել վարակի արդյունքում առաջացած թրոմբի պատճառով:
Ինչպես պատմում է The Daily Mail-ը, հոկտեմբերի վերջին Լին հիվանդացել էր COVID-19-ով: Նրա ամբողջ մարմինը ցավում էր եւ նա չէր կարողանում տարբերել համերը: 10 օր նա ինքնամեկուսացված էր տանը, ինչից հետո նրա ինքնազգացողությունը սկսել էր բարելավվել, եւ Լին որոշել էր, որ ապաքինվում է: Սակայն շուտով նա դադարել էր զգալ իր աջ ոտքը:
Լին զանգահարել էր Առողջապահության ազգային ծառայության մասնագետներին, ովքեր նրան խորհուրդ էին տվել ցավազրկողներ ընդունել: Սակայն այդ դեղամիջոցները չէին օգնել, եւ ոտքի ցավը սրվել էր: Դրանից հետո նա դիմել էր արտակարգ իրավիճակների բաժանմունք: Նա համակարգչային տոմոգրաֆիայի էր ենթարկվել, որը նրա ազդրի վերին հատվածում 15 սանտիմետրանոց թրոմբ էր հայտնաբերել:
Լիին միանգամից վիրահատել էին` արյան թրոմբը հեռացնելու եւ ոտքին արյան մատակարարումը վերականգնելու համար: Բայց մի քանի օր անց նրա աջ ոտքի մատներն ու ոտնաթաթը սկսել էին սեւանալ: Արյան մատակարարումը չէր վերսկսվել, եւ ոտքը դանդաղ սկսել էր մեռնել:
Բժիշկները որոշել էին անդամահատել Լիի ոտքը հունվարին եւ ժամանակավորապես դուրս էին գրվել նրան հիվանդանոցից: Սակայն դեկտեմբերի 15-ին նրան ստիպված էին վերադարձնոլ հիվանդանոց եւ շտապ անդամահատել ոտքը, քանի որ այն ամբողջությամբ սեւացել էր:
«Երեք ամսից ես կկարողանամ նորից քայլել պրոթեզի օգնությամբ: Ես պարզապես ուզում եմ զբոսնել իմ շների հետ եւ նորմալ կյանք վարել, բայց հիմա ամեն ինչ այլ է: Իմ բախտը բերել է կենսակերպի հետ կապված. ես ապրում եմ բունգալոյի մեջ եւ կարող եմ տնից աշխատել` անվասայլակի մեջ նստած: Վերջույթի կորուստը չի ազդի ինձ վրա, ինչպես ազդում է այլ մարդկանց վրա»,- ասել է Լին:
Լիի խոսքով` մինչ կորոնավիրուսով հիվանդանալն ինքը բացարձակ առողջ էր: Նա կոչ է արել մարդկանց հետեւել բոլոր նախազգուշական միջոցներին` կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար, ինչը կարող է վտանգավոր լինել ոչ միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող, այլ նաեւ իրենց առողջ համարող մարդկանց համար:






