Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը նախօրեին, Էբոլա հեմոռագիկ տենդի համաճարակից դրդված, երկրում արտակարգ իրադրության ռեժիմ սահմանելու որոշման մասին է հայտարարել: Այս մասին երկրի ղեկավարի պաշտոնական հայտարարության մեջ է նշվել:

«Լիբերիայի կառավարությունը եւ ժողովուրդը արտակարգ միջոցառումների կարիք են զգում՝ պետականության պահպանման եւ հայրենակիցների կյանքի պաշտպանության համար: Ըստ այդմ, Լիբերիայի հանրապետության ողջ տարածքում արտակարգ իրադրության 90-օրյա ռեժիմ սահմանելու մասին եմ հայտարարում, որը 2014թ.-ի օգոստոսի 6-ից ուժի մեջ կմտնի», - նշել է նա:

Ավելի վաղ, վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, հանրապետության բոլոր սահմանային անցակետերն ու դպրոցներն էին փակվել: Հարեւան Սիերա-Լեոնեում արտակարգ իրադրության ռեժիմը հուլիսի 31-ից է ուժի մեջ մտել:

Էբոլա տենդի ներկայիս համաճարակի մեկնարկը ընթացիկ տարվա փետրվար ամսին՝ Գվինեայի տարածքում է գրանցվել: Կարճ ժամանակ անց վիրուսին հաջողվել էր Սիերա-Լեոնեի եւ Լիբերիայի տարածք ներթափանցել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Արեւմտյան Աֆրիկայի երկրներում համաճարակի զոհերի թիվը 932-ի է հասել: Եւս 1700 մարդ վարակվել է մահաբեր հիվանդությամբ, որի դեմ որեւէ պատվաստանյութ դեռեւս չի մշակվել: Համաճարակից մահացության մակարդակը 90 տոկոս է կազմում, թեեւ վերջին բռնկման ընթացքում ցուցանիշը դեռեւս 55 տոկոսը չի գերազանցել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նիգերիայում հեմոռագիկ տենդի զոհ է դարձել 2 մարդ, եւս հինգ վարակվածներ բժիշկների վերահսկողության տակ են պահվում: Սաուդյան Արաբիայում էլ մեկ մարդ է մահացել, որի մոտ վտանգավոր հիվանդությանը հատուկ ախտանշաններ էին հայտաբերվել: Բացի այդ, Լիբերայի տարածքից մահաբեր վիրուսով վարակված հոգեւորականի են Իսպանիա տեղափոխել: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, այստեղ եւս հիվանդությամբ վարակման մեկ դեպք էր կասկածվում, սակայն, ինչպես հետազոտության արդյունքներն են ցույց տվել, հիվանդի օրգանիզմում հիշյալ վիրուսն առկա չի եղել: