Էբոլա հեմոռագիկ տենդը մարդու իմունային արձագանքն ապաակտիվացնելու կարողություն ունի: Բայց, ինչպես Օբորնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են պնդում, լաբորատոր փորձարկումների արդյունքում վիրուսի ազդեցությունը չեզոքացնող, ավելի ճիշտ՝ իմունային արձագանքը վերաակտիվացնող միջոց է հայտնաբերվել:

Խոսքը բավականին փոքր չափեր ունեցող՝ WY3161 լաբորատոր անունը ստացած մոլեկուլի մասին է, որը կապիկների վրա իրականացված փորձարկումների ընթացքում վերը նկարագրված ազդեցությունն է ապահովել:

«Հետագա հետազոտությունների արդյունքում հույս ունենք վիրուսի՝ իմունային արձագանքն անջատող մեխանիզմի աշխատանքը պարզել, ինչը շոշափելի օժանդակություն կապահովի՝ դեռեւս մշակման փուլում գտնվող բուժամիջոցը վերջնական տեսքի բերելու հարցում», - նշել է հետազոտության հեղինակ Ստյուարտ Շնելերը:

Հետազոտական խմբի անդամները մտադիր են ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ աշխատանքի արդյունքները ընթացիկ ամսվա վերջին օրերին Bioorganic & Medicinal Chemistry ամսագրում հրապարակել: 

Քանի որ WY3161-ը դեռեւս մշակման եւ փորձարկումների վաղ փուլում է գտնվում, այն չի կարող ներկայումս Էբոլայով հիվանդ բնակչության նկատմամբ կիրառվել, բայց եւ հետագա բռնկումների պարագայում ամենաարդյունավետ բուժամիջոցը դառնալու հավակնություններ ունի:   

Առավել կարճաժամկետ հատվածում հեմոռագիկ տենդի դեմ պայքարի տեսանկյունից ամենախոստումնալիցը, թերեւս, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում՝ Սան Դիեգոյում գործող դեղագործական ընկերություններից մեկի՝ Mapp Biopharmaceutical Inc.-ի կողմից ներկայացված ZMapp պատվաստանյութն է համարվում, որի շիճուկը երեք տիպի, հատուկ զտում անցած հակամարմիններից է ստացվել:

«Այդ մոնոկլոնալ համակարմինները երեք տարբեր եղանակներով են աշխատում: Առաջինը վիրուսի գլխից է բռնում: Այն տագնապի ազդանշան է ուղարկում իմունային համակարգին՝ օրգանիզմ ներթափանցած օտարածին մարմինների մասին եւ վիրուսի կամ վարակված բջջի ոչնչացում ապահովում: Մյուս երկուսը դեպի վիրուսային մակերեսի մոլեկուլներն են ձգտում եւ, վարակի արգելափակման եղանակով, հիվանդության չեզոքացում ենթադրում», -  FoxNews-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է Սքիփսի հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Էրիկա Օլլման Սաֆիրը:

Հիշեցնենք, որ շուրջ  մեկ ամիս առաջ Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակված երկու ամերիկացի միսիոներները՝ դոկտոր Քենթ Բրենթլին եւ բուժքույր Նենսի Րայթբոլը ZMapp-ի ներարկում էին ստացել եւ ներկայումս Ատլանտայի Էմորի համալսարանական հիվանդանոցի մեկուսարանում են գտնվում: Վերջին տեղեկությունների համաձայն, նրանց առողջական վիճակը բարելավման նշաններ է ցույց տալիս, թեեւ դեռեւս վաղ է պնդել, թե ապաքինման մեջ պատվաստանյութը որեւէ դերակատարում ունի: