Հայտնի է, որ դեռահասներն առավել հաճախ են միմյանց հետ շփվում: Խոսքը թե սպորտային խաղերի եւ թե երեկույթների մասին է, որտեղ այս կամ այն հիվանդությամբ վարակվելու առավելագույն հավանականություն է գործում:

Մինչ այժմ համոզմունք կար, որ ի թիվս այլ մանրէների եւ վիրուսների, մենինգիտը եւս կարող է հաճախակի բնույթ կրող շփումների արդյունքում տարածվել, ինչը հատկապես դեռահասներին է հիվանդության նկատմամբ խոցելի դարձնում, հաղորդում է Medical Daily-ն:

Սակայն, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, մենինգիտի առաջացման համար պատասխանատու մանրէն՝ Neisseria meningitides-ը, հատուկ գեներ է պարունակում, որը դեռահասների օրգանիզմում առկա ճարպաթթուներից մեկի՝ փոքր չափերով աչքի ընկնող պրոպիոնաթթվի հաշվին հիվանդության արագ զարգացման հնարավորություն է ընձեռում:  «Պրոպիանաթթուն գոյատեւման համար թթվածնի կարիք չունեցող անաէրոբիկ մանրէներից է գեներացվում եւ հատկապես դեռահասների օրգանիզմում է մեծ քանակությամբ առկա», - նշել է հետազոտության հեղինակ, Յորքի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոսական անձնակազմի անդամ դոկտոր Ջեյմս Մուարը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, երկրագնդի բնակչության 10 տոկոսի քթի ետնամասում եւ կոկորդում N. Meningitides կարելի է հայտնաբերել: Այս մարդիկ հիվանդության կրողներն են, քանի որ երբեք չեն վարակվում: Հիշյալ մանրէն հեղուկ արտադրության, մասնավորապես՝ թքի միջոցով այլ մարդու օրգանիզմ ներթափանցման պարագայում 3-7 օր անց ախտանշաններ դրսեւորելու հատկություն է ցուցաբերում: Խոսքը գլխավորապես սրտխառնոցի, փսխման, լույսի նկատմամբ բարձր զգայունության եւ հոգեկան անկայուն վիճակի մասին է գնում, թեեւ հիվանդության հետագա զարգացման՝ գլխուղեղն ու ողնուղեղը պաշտպանող շարակցական հյուսվածքների ոչնչացման պարագայում, արյան վարակման հավանականության աճ կարող է գրանցվել, ինչը մահացու վտանգ է ներկայացնում: 

Վիրուսից զերծ մնալու տեսանկյունից հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի մասնագետները պատվաստանյութի ստացումն են կարեւորում: Իսկ եթե շփվել եք մի մարդու հետ, ում մոտ մենինգիտ է ախտորոշվել, փորձագետները խորհուրդ են տալիս հակաբիոտիկների օգնությամբ պրոֆիլակտիկ բուժում անցնել: