2020 թվականին ՀՀ-ում իրականացվել է քաղցկեղով հիվանդների 9000 անվճար վիրահատություն եւ ճառագայթային թերապիայի 6000 սեանս

2020 թվականին Հայաստանում պետպատվերի շրջանակներում իրականացվել է չարորակ ուռուցք ունեցող հիվանդների 9000 վիրահատություն եւ ճառագայթային թերապիայի 6000 սեանս: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության հարցերով խորհրդական Հայկուհի Գեկչյանը:

Ինչ վերաբերում է քիմիաթերապիային, ապա անցյալ տարի աննախադեպ ծրագիր մեկնարկեց, որի շրջանակներում կրծքագեղձի որոշակի տեսակների քաղցկեղ ունեցող հիվանդները 1-3-րդ փուլերում անվճար ստանում են տրաստուզումաբ դեղամիջոց, որը, ըստ ԱՀԿ-ի, 47 տոկոսով նվազեցնում է մահացությունը: Մասնագետի խոսքով` 2020 թվականի մարտի 26-ից մինչ օրս պետպատվերի շրջանակներում այս թանկարժեք դեղամիջոցը ստացել է 200 կին: Ծրագիրը նախատեսված է 3 տարի ժամկետով, սակայն, եթե հնարավոր լինի ֆինանսավորում ստանալ, այն կերկարաձգվի:

Հայկուհի Գեկչյանը նշեց նաեւ, որ վերջին տարիներին Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում շատ բան է փոխվել: Մասնավորապես, այստեղ, հնարավորության դեպքում, օրգանների պահպանման օպերացիաներ են իրականացվում, որոնք տարածված են զարգացած երկրներում: Իսկ պարոմորֆոլոգիական լաբորատորիաների զարգացման շնորհիվ հնարավոր է ոչ թե «ընդհանուր», այլ անհատականացված բուժում ընտրել: Բացի այդ, երկիրն ակտիվորեն բուժման նոր մեթոդներ է մշակում, ինչպիսիք են իմունոթերապիան եւ թարգեթային թերապիան:

Մասնագետի խոսքով` լոկորեգիոնալ բուժումը եւս մեծապես զարգանում է: Որոշ մետաստազների դեպքում նախկինում քիմիաթերապիայի երկար կուրսեր կամ վիրահատություն էին անցկացնում, իսկ այժմ քիմիոէմբոլիզացիայի կամ ռադիաբլյացիայի կիրառման շնորհիվ փոքր միջամտությամբ հաջողվում է ոչնչացնել որոշ ուռուցքները: