Վիրջինիայի համալսարանի գիտնականները փորձնական հակամարմինների կոկտեյլ են մշակել, որը 100 տոկոսով արդյունավետ է SARS-CoV-2 կորոնավիրուսին ենթարկված մարդկանց մոտ ախտանշանային վարակի արգելափակման գործում: Վիրուսի ասիմպտոմատիկ կրողների մոտ վարակը վերանում է մեկ շաբաթվա ընթացքում:
Ինչպես հաղորդվում է MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, կլինիկական փորձարկումներում գիտնականները փորձել են պարզել` արդյոք հակամարմինները կարող են կանխել COVID-19-ի զարգացումն այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվել են վիրուսի ազդեցությանը, սակայն դեռ չեն հիվանդացել: Փորձարկմանը մասնակցել է 400 մարդ, ընդ որում, հակամարմիններ ստացած 186 կամավորներից ոչ մեկի մոտ ախտանշանային COVID-19 չի առաջացել: Պլացեբո ստացած 223 հոգանոց խմբում 8 մարդու մոտ ախտանիշեր են առաջացել:
Վարակի ասիմպտոմատիկ ընթացք է գրանցվել հակամարմիններ ստացած 15 կամավորի եւ պլացեբո ստացած 23 կամավորի մոտ: Հակամարմիններ ստացած խմբում վարակի ընդհանուր հաճախականությունը, այդ թվում` ախտանշանային եւ ասիմպտոմատիկ դեպքերը, մոտ 50 տոկոսով ցածր էր: Բացի այդ, վարակվածների մոտ վիրուսային բեռը 100 անգամ ավելի բարձր էր, քան հակամարմիններ ստացածների մոտ: 40 տոկոս դեպքերում հիվանդությունն ինքնին 3-4 շաբաթ է տեւել, իսկ հակամարմիններ ստացածների խմբում վարակը դադարել է վարակումից յոթ օր անց: Պետք է նշել, որ հակամարմինների այս կոկտեյլը պատվաստանյութ չէ, ուստի այն երկարատեւ իմունիտետ չի ապահովի:






