Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Նորմեդ» բժշկական կենտրոնը քաղաքապետարանին է տրամադրել արյան մեջ շաքարի պարունակությունն ախտորոշող բարձրորակ 250 սարքավորում, որոնք, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, ամբողջությամբ փոխանցվել են Ստեփանակերտի քաղաքապետարանին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը «Նորմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Սուրիկ Ալթունյանի ներկայությամբ սարքավորումները փոխանցել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին: Նշելով, որ սա երկու մայրաքաղաքների միջեւ հաստատված համագործակցության ծրագրով իրականացվող հերթական քայլերից է, Երեւանի քաղաքապետի խորհրդականը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նաեւ վստահեցրել է, որ աջակցության նմանատիպ քայլերը լինելու են շարունակական:
Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին եւ «Նորմեդ» բժշկական կենտրոնին սարքավորումները տրամադրելու համար՝ Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը նշել է, որ Ստեփանակերտում այս սարքավորումներն իսկապես անհրաժեշտություն էին եւ դրանց տրամադրումն, ըստ էության, սոցիալական կարեւոր նշանակություն ունի: Ստեփանակերտում արդեն կազմվել են այն շահառուների ցուցակները, ում կտրամադրվեն այդ սարքավորումները:






