Դիետոլոգ-սննդաբան Ջեսիկա Սեպելը (Ավստրալիա) իր խորհուրդներն է փոխանցել այն մասին, թե ինչպես է հնարավոր 2 շաբաթում օրգանիզմը «վերագործարկել»:

Մասնագետը խորհուրդ է տալիս 14 օրով սննդակարգը փոխել եւ սկսել ավելի շատ ուտել մրգեր ու կանաչեղեն, գյուղական հավի միս եւ ձու, խոտեր, համեմունքներ եւ ընդեղեն, հայտնում է The Daily Mail պարբերականը: Դրանից բացի, շաբաթական 2-3 անգամ արժե սննդակարգի մեջ ներառել սաղմոն եւ սպիտակ ձուկ: Արժե նաեւ ամեն անգամ սնունդ ընդունելիս ուտել մատղաշ սպանախ, բրոկոլի, վարունգ կամ ոլոռ:

Խորհուրդ է տրվում նաեւ ճաշացանկի մեջ ներառել դարչնագույն բրինձ, կինոա, առանց գլյուտենի վարսակ, կարտոֆիլ, բատատ, ճակնդեղ, դդում եւ ստեպղին: Կարելի է նաեւ այդ երկու շաբաթվա ընթացքում խմել նուշի կաթ՝ սովորականի փոխարեն, կերակուրը պատրաստել ձիթապտղի յուղով եւ համեմել կիտրոնի հյութով, դիժոնյան մանանեխով, քունջութի մածուկով եւ Թամարայի սոյայի սոուսով:

Այս 2 շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է նաեւ ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից եւ նվազեցնել կոֆեինի գործածումը. Սեպելը թույլ է տալիս մեկ գավաթ թեյ կամ սուրճ խմել մինչեւ առավոտյան ժամը 11-ը: Նա խորհուրդ է տալիս սովորական ըմպելիքները փոխարինել քրքումից լատեով եւ խատուտիկի արմատի թեյով: Ստիպված կլինեք հրաժարվել նաեւ շաքարից, շաքարի փոխարինիչներից, քաղցրեղենից, գազավորված ըմպելիքներից եւ կարմիր մսից:

Մասնագետը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում խմել նվազագույնը 2 լիտր ջուր, ինչպես նաեւ, հնարավորության դեպքում, խոտերի թեյ եւ կոկոսի ջուր:

Բացի այդ, ամեն օր արժե նվազագույնը 20 րոպե հատկացնել մարզումներին, ընդ որում՝ կարելի է նախապատվություն տալ ակտիվության սիրած ձեւին:

Մասնագետի խոսքով՝ եթե հետեւեք այս խորհուրդներին, արդեն 2 շաբաթ հետո կարելի է զգալ էներգիայի հորդում, սկսել ավելի լավ քնել, քիչ հուզվել եւ ուտելիքի հետ հարաբերությունները կարգավորել: