69-ամյա Լենի Ջոնսը 12 հիվանդներից մեկն է Մեծ Բրիտանիայում, ում մոտ անսովոր արձագանք է առաջացել կորոնավիրուսին. նրա մաշկը դեղնել էր եւ արյան փոխներարկման կարիք էր առաջացել:

The Mirror-ը պատմում է, որ Լենին հիվանդանոց էր տեղափոխվել, երբ սկսել էր նմանվել «Բարթ Սիմփսոնին» եւ սկսել էր խեղդվել: Բժիշկները ստիպված էին արյան փոխներարկում անել: Հիվանդանոցում տղամարդը 11 գիշեր է անցկացրել, ընդ որում, մնացած բոլոր հիվանդները նրա հիվանդասենյակում թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեին:

Ինչպես նշել են Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունում (ԱԱԾ), Լենի Ջոնսը հիվանդության նմանատիպ դրսեւորմամբ 12-րդ հիվանդն է դարձել երկրում:

Դուրս գրվելուց հետո Լենին պատմել է, որ հաճախ է տեսել, թե ինչպես են հիվանդանոցի աշխատակիցները լաց լինում իրենց հերթափոխի ժամանակ, երբ հիվանդներից ինչ-որ մեկը մահանում էր, իսկ ինքը միշտ փորձում էր ուրախացնել իրեն շրջապատող մարդկանց: «Երբ նոր հիվանդ էր գալիս, բուժքույրերը սովորաբար ասում էին. «Գնա, խոսիր Լենիի հետ»»,- պատմել է Ջոնսը: