Կորոնավիրուսի դեմ ռուսական երեք պատվաստանյութերը կանցնեն որակի, արդյունավետության եւ անվտանգության անալիզի գործընթաց, որից հետո կլինի դրանց օգտագործման երաշխավորումը: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը ՌԲԿ-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ի միջոցով ժամանակավոր գրանցում է կատարվում արտակարգ իրավիճակում պատվաստանյութի օգտագործման շրջանակում: Դեղամիջոցի որակի, արդյունավետության եւ անվտանգության մանրակրկիտ անալիզի հիման վրա կազմակերպությունը երաշխավորում է դրա օգտագործումը:

Վույնովիչը նաեւ նշել է, որ Ռուսաստանում պատվաստանյութերի արտադրության մեծ փորձ կա:

«Ես վստահ եմ, որ երեք թեկնածուն էլ կանցնեն այս գործընթացը եւ դրանց օգտագործումը կերաշխավորվի»,- ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչը, որն ավելի վաղ պատվաստվել էր ռուսական պատվաստանյութով:

Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կատարվում է COVID-19-ի դեմ երկու պատվաստանյութերով: Առաջինը գրանցվել է «Սպուտնիկ V» կոչվող երկբաղադրիչ դեղամիջոցը, որը մշակվել է Գամալեի անվան կենտրոնում: Շուկա դուրս եկած երկրորդ պատվաստանյութն է «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը: Սպասվում է, որ «ԿովիՎակ» երրորդ պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի փետրվարին: