Հղիության կեսերին եւ վերջում հակաբիոտիկների ազդեցությունը պտղի վրա կարող է կապված լինել ասթմայի զարգացման ռիսկի հետ երեխայի մոտ: Այս մասին հաղորդվում է Archives of Disease in Childhood ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Medical Express-ը պատմում է, որ այս խնդիրն արդիական է միայն բնական ճանապարհով ծնված երեխաների համար:

Ավելի վաղ անցկացված հետազոտությունները բազմիցս ապացուցել են, որ հղի կանայք չպետք է հակաբիոտիկներ ընդունեն, քանի որ այդ դեղամիջոցները բացասաբար են ազդում մոր օրգանիզմի միկրոֆլորայի վրա եւ որպես հետեւանք` երեխայի միկրոֆլորայի վրա:

Հետազոտությունը նոր պատկերացումներ է ավելացնում հակաբիոտիկների վտանգի վերաբերյալ հղի կանանց համար: Գիտնականները տվյալներ են հավաքել մի խումբ կանանց վերաբերյալ հղիության 6-10, 16, 30 շաբաթների ընթացքում, ինչպես նաեւ` ծննդաբերությունից հետո: Բացի այդ, մայրերը պատմել են իրենց երեխաների առողջության մասին, երբ նրանք դարձել են 11 տարեկան:

Ծննդյան պահից դիտարկման ժամանակահատվածում 4238 (13 տոկոս) երեխայի մոտ ասթմա է զարգացել: Նրանցից 804-ի (15 տոկոս) մայրեր հղիության ընթացքում հակաբիոտիկներ էին ընդունել: Ընդհանուր 5522 (17 տոկոս) երեխա ծնվել է հղիության ընթացքում հակաբիոտիկներ ընդունած մայրերից: Պարզվել է, որ այն երեխաների մոտ, ում մայրերը հղիության ընթացքում հակաբիոտիկներ են ընդունել, ասթմայի զարգացման ռիսկը միջինում 14 տոկոսով ավել է:

Այն երեխաների համեմատ, ում մայրերը հակաբիոտիկներ չեն ընդունել, նրանց մոտ, ում մայրերն այդ դեղամիջոցներն ընդունել են հղիության կեսերին կամ վերջում (4-9 ամիս), ասթմայի զարգացման հավանականությունը 17 տոկոսով ավելի մեծ էր: Սակայն պտղի վրա հակաբիոտիկների ազդեցության եւ մանկական ասթմայի միջեւ ընդհանուր կապ նկատվել է միայն բնական ճանապարհով, այլ ոչ թե կեսարյան հատումով ծնված երեխաների մոտ: Հակաբիոտիկներ ընդունած մայրերի եւ հեշտոցային ճանապարհով ծնված երեխաների մոտ ավելի լուրջ մանկական ասթմայի զարգացման ռիսկը 34 տոկոսով ավելի մեծ էր` այն երեխաների համեմատ, ովքեր ծնվել են հեշտոցային ճանապարհով, սակայն ում մայրերը հակաբիոտիկներ չեն ընդունել հղիության ընթացքում: