«Հայ ակնաբուժական նախագիծը» եւ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը նախատեսում են Տավուշի մարզում ակնաբուժական ստացիոնար ծառայություն ստեղծել: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

«Առողջապահության նախարարության եւ Տավուշի մարզպետարանի հետ արդեն իսկ առկա է նախնական պայմանավորվածություն տարածքի տրամադրման վերաբերյալ: Նյութական եւ մասնագիտական ապահովությունն իրականացնելու է ակնաբուժական նախագիծը, մասնագիտական եւ կադրային պատրաստվածությունը, ինչպես նաեւ բժշկական հսկողությունը` մեր կենտրոնը», - ասաց Ալեքսանդր Մալայանը` հավելելով, որ նախաձեռնության հիմնական նպատակն է աստիճանաբար ծավալել ծառայություն, որը հնարավորություն կտա Տավուշի մարզում կանխարգելել եւ ժամանակին բուժել ակնային լայն տարածում ունեցող հիվանդությունները:

Պրոֆեսորի գնահատմամբ` համատեղ նախաձեռնության հիմքում ՀԱՆ-ի եւ Մալայան կենտրոնի շուրջ երկու տասնամյակի ընթացքում կյանքի կոչված` հնարավորինս շատ հիվանդների ապաքինելու մարդասիրական գաղափարն է:

Ի դեպ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում Երեւանից ժամանած մասնագետները, այդ թվում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, հետազոտեցին երկու տասնյակից ավելի այցելուների, նրանց նաեւ անվճար ակնոցներ տրամադրվեցին: