Մեծ Բրիտանիայի բժիշկները 17-անյա պացիենտի ստամոքսից հեռացրել են փազափունջ, որն այնքան մեծ էր, որ ձեւավորել էր օրգանի «կաղապար»: Բժիշկներն այս կլինիկական դեպքը նկարագրել են BMJ Case Reports ամսագրում:
Պացիենտը, ում անունը չի հաղորդվում, տառապում էր տրիխոֆագիայով, որը նաեւ անվանում են Ռապունցելի համախտանիշ՝ հոգեկան խանգարում, որի դեպքում մարդը սկսում է մազ ուտել (եւ պարտադիր չէ իր մազերը): Աղջիկը ուշագնացությունից հետո դիմել էր անհետաձգելի օգնության բաժանմունք: Նրա մոտ գլխի ոչ մի վնասվածք չէին գտել, բայց բժիշկների ուշադրությունը գրավել էր ձախ կողատակի ուռուցիկ գոյացությունը: Պացիենտն ասել էր, որ վերջին 5 ամիսներին իրեն տանջում են փորի ցավերը, որոնք ուշագնացությունից 2 շաբաթ առաջ ուժգնացել էին:
Պացիենտին ՀՏ են կատարել, որը ցույց է տվել, որ նրա ստամոքսը լայնացել էր ինչ-որ զանգվածով, դրանից բացի հայտնաբերվել էր օրգանի պատի պատռվածք, հայտնում է Medportal.ru-ն: Պարզվել է, որ աղջիկը տառապում է տրիխոտիլոմանիայով՝ մազերը մշտապես պոկելու ցանկությամբ եւ դրա հետ կապված տրիխոֆագիայով:
Աղջկան վիրահատել են եւ հեռացրել մազափունջը, որն այնքան մեծ էր, որ ձեւավորել էր ամբողջ ստամոքսի կաղապարը: Հիմա աղջիկն իրեն լավ է զգում եւ հոգեբուժական օգնություն է ստանում:






