Մոծակի խայթոցը մեծ ի մասամբ կարող է քոր եւ անհարմարության զգացում առաջացնել, բայց երբեմն էլ առավել վտանգավոր հետեւանքներով է հղի, քանի որ հիշյալ միջատները տարատեսակ, երբեմն էլ՝ մահացու հիվանդություններ կարող են կրել: Միացյալ Նահանգներում դրանցից ամենատարածվածը Արեւմտյան Նեղոսի վիրուսն է համարվում, թեւ մոծակները կարող են նաեւ մալարիայի, արեւադարձային տենդի եւ չիկունգունյայի տարածման պատճառ դառնալ, հաղորդում է FoxNews-ը:

Վերոնշյալ հիվանդությունները նմանատիպ ախտանշաններ ունեն, ներառյալ տենդը, մարմնում ծանրության զգացումը եւ գլխապտույտը, որոնք խայթոցից հետո՝ 2-15 օրերի ընթացքում կարող են ի հայտ գալ: Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ բժշկի օգնությանը դիմել:

Թեեւ մոծակի խայթոցից որեւէ հիվանդությամբ վարակվելու հավանականությունը չափազանց փոքր է, ստորեւ բերված կանխարգելիչ միջոցառումներն ենք ձեր ուշադրությանը ներկայացնում.

-- Երբ այնպիսի միջավայրում եք գտնվում, որտեղ մոծակների ակտիվություն է նկատվում, հնարավորին չափ երկար շորեր կրեք՝ մաշկը ծածկելու համար

-- Բաց մաշկը միջատներին վանող միջոցներով ծածկեք

-- Համոզվեք, որ տան բոլոր դռներն ու պատուհաններն անանցանելի են՝ մոծակների ներթափանցման համար

-- Տանը բաց տարայի մեջ ջուր մի հավաքեք