Հայաստանում առաջիկա մեկ ամսում կբացվի ուռուցքային հիվանդություններով երեխաներին պալիատիվ օգնության ցուցաբերման առաջին կենտրոնը: Կենտրոնի փոքրիկ պացիենտները կստանան պատշաճ խնամք, որը կբարձրացնի կյանքի որակը եւ կազատի ցավից ու տառապանքից:

Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ կենտրոնում երեխաները պալիատիվ օգնությունն անվճար են ստանալու: Ներկայումս առողջապահության նախարարության հետ բանակցություններ են վարվում՝ պարզելու համար, թե հատկապես ինչ ծառայություններ հնարավոր կլինի ներառել պետպատվերի մեջ:

Նոր պալիատիվ կենտրոնը տեղակայվելու է Արյունաբանության կենտրոնում եւ առայժմ կունենա 5 մեծ, հարմարավետ հիվանդասենյակ: Եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ դա քիչ է, հնարավոր կլինի մտածել կենտրոնի ընդարձակման մասին: Գրեթե բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, եւ սպասվում է, որ կենտրոնը մոտ ապագայում կբացվի:

Մասնագետի խոսքով՝ սա կլինի Հայաստանում այդպիսի առաջին կենտրոնը, որտեղ երեխաները, ի տարբերություն տնային խնամքի, կլինեն լավ բժիշկների եւ փորձառու բուժքույրերի հսկողության տակ: Ավելին՝ նրանց հետ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ կաշխատեն հոգեբաններ եւ սոցաշխատողներ: Այս ամենը զգալիորեն կթեթեւացնի ինչպես պացիենտի ազգականների, այնպես էլ իր՝ պացիենտի կյանքը:

Ամբողջ աշխարհում որոշ հիվանդություններով պացիենտների տառապանքները թեթեւացնելու համար կիրառվում են ափիոնային ցավազրկողներ: Սակայն Հայաստանում, ինչպես նաեւ մի քանի այլ հետխորհրդային երկրներում, «ափիոնաֆոբիայի» լուրջ խնդիր կա, ինչի պատճառով շատ բժիշկներ վախենում են պացիենտներին այդպիսի ցավազրկողներ նշանակել, ավելին՝ պացիենտներից շատերը չեն էլ ցանկանում, որ դրանք իրենց նշանակեն: Այս ամենը տեղեկատվության պակասի հետեւանք է, որը գոյություն ունի ոչ միայն պացիենտների, այլեւ բուժաշխատողների շրջանում:

«Հանրությունը եւ իրավապահ մարմինները վախենում են, որ այս դեղամիջոցները կարող են ըստ նշանակության չօգտագործվել, բայց այս վախերը հանգեցնում են մարդկանց տառապանքների: Եվ սա իսկապես անչափ լուրջ խնդիր է»,- նշեց բժիշկ Թամամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին աշխատանքներ են տարվում «ափիոնաֆոբիայի» հաղթահարման ուղղությամբ եւ ցավազրկման կարիք ունեցող պացիենտներին արդյունավետ դեղամիջոցներով ապահովելու համար: Բայց գլոբալ առումով խնդիրը դեռեւս չի լուծվել:

«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այս ուղղությամբ ավելի ակտիվ աշխատել: Մարդիկ չպետք է տառապեն ինչ-որ մեկի՝ հանրության կամ իրավապահ մարմինների վախերի պատճառով»,- ասաց մասնագետը: