Ըստ 2013 թվականի տվյալների՝ կյանքի միջին տեւողությունը Հայաստանում աճել է եւ հասել է 74.8 տարվա, ընդ որում, կանանց կյանքի միջին տեւողությունը կազմում է 77.9, իսկ տղամարդկանցը՝ 71.5 տարի: Այս մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը աճել է 0.6 տարով, իսկ կանանցը՝ 0.4 տարով:
Կյանքի միջին տեւողությունը հաշվարկելիս հիմք են ընդունում նաեւ մանկական մահացության եւ ընդհանուր մահացության ցուցանիշները: Հավանաբար, կյանքի միջին տեւողության աճը Հայաստանում ուղղակիորեն կապված է հենց այս երկու ցուցանիշների նվազման հետ:
Հայաստանում կյանքի միջին/սպասվող տեւողությունը բավական բարձր է՝ այլ ԱՊՀ երկրների համեմատ: Կարինե Կույումջյանի խոսքով՝ մոտավորապես նույն մակարդակի վրա են գտնվում նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի ցուցանիշները: Սակայն շատ այլ երկրների համեմատ հայաստանյան ցուցանիշները դեռ բավական ցածր են:
Ի դեպ, ամենաբարձր ցուցանիշներով տարիներ շարունակ աչքի է ընկնում Ճապոնիան՝ այնտեղ կյանքի միջին տեւողությունը 82.6 տարի է (կանանցը՝ 86.1, տղամարդկանցը՝ 78.0); իսկ ամենացածր ցուցանիշները գրանցվել են Սվազիլենդում, որտեղ կյանքի միջին տեւողությունը ընդամենը 39,6 տարի է (կանանցը՝ 39,4, տղամարդկանցը՝ 39,8):






