Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքները, ինչպես նաեւ COVAX-ի հետ բանակցությունները շարունակվում են, չնայած որոշակի ընդհանուր դանդաղում կա պրոցեսի մեջ: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, հույս կա, որ գարնան ընթացքում պավաստանյութերի առաջին խմբաքանակը արդեն կլինի Հայաստանում: Ավելին՝ ռուսական կողմի հետ «Sputnik V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի մասին բանակցություններն ավարտված են, պայմանագիրը կնքման փուլում է, եւ ակնկալվում է, որ առաջիկա ամսվա մեջ այս խմբաքանակը եւս կներմուծվի:

Սակայն, նախարարի խոսքով, նույնիսկ երբ պատվաստանյութերն արդեն հասանելի լինեն երկրում, պատվաստման գործընթացին զուգագեռ պետք է լինելու շարունակել դիմակներ կրել եւ պահպանել անվտանգության այլ կանոնները:

«Դա մեր որոշումը չէ, դա համընդհանուր մոտեցում է, որը նաեւ մենք պետք է պահպանենք»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ շատերն այսօր չգիտեն, որ պիտի շարունակեն դիմակ կրել, նույնիսկ եթե հիվանդացել ու լավացել են, քանի որ բացառված չէ, որ կարող են վարակվել վիրուսի որեւէ այլ շտամով:

«Ուստի խնդրում եմ, անգամ եթե վարակվել եւ առողջացել են քաղաքացիները, պահպանեն այս կանոնները»,- ասաց նախարարը: