Իսպանացի հոգեւորական Միգել Պախարեսը, ով Լիբերիայում Էբոլա հեմոռագիկ տենդով էր վարակվել եւ հինգ օր առաջ Միացյալ Նահանգներից ստացված նոր դեղամիջոցի օգնությամբ բուժման ինտենսիվ կուրս անցնելու նպատակով Մադրիդի «Կառլոս III» հիվանդանոց տեղափոխվել, մահացել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մինչ այդ կանադական Tekmira Pharmaceuticals ընկերությունը ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության համաձայնությունն էր ստացել՝ երկրի իշխանությունների պատվերով հեմոռագիկ տենդի դեմ մշակվող պատվաստանյութի՝ մարդկանց նկատմամբ սահմանափակ թվով փորձարկումներ իրականացնելու համար: Ընկերության մասնագետների կողմից մշակվող պատվաստանյութը, որ TKM-Ebola անվանումն է ստացել, մինչ այժմ միայն կապիկների նկատմամբ է փորձարկվել եւ հուսադրող արդյունքներ դրսեւորել: 

Ավելի վաղ Washington Post պարբերականը հայտնել էր, որ ամերիկացի գիտնականները եւս, որոնք վերջին 30 տարիների ընթացքում Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը միտված աշխատանքներ են իրականացրել, հետազոտությունների ավարտական փուլում են գտնվում:

Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ երկու ամերիկացի միսիոներների կյանքը փրկելու նպատակով փորձարարական դեղամիջոց պարունակող մի քանի սրվակներ էին Լիբերիա ուղարկվել: Ներարկումից հետո նրանք ապաքինման նշաններ են ցույց տվել եւ ներկայումս, բժիշկների գնահատմամբ, կայուն վիճակում են գտնվում: