Հայաստանից մի խումբ բժիշկներ այցելել են Արցախ, որպեսզի գնահատեն առողջության ոլորտում իրավիճակը եւ վեր հանեն առկա խնդիրները՝ օժանդակություն եւ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Արցախի առողջապահության նախարարին կից նորաստեղծ Հասարակական խորհրդի անդամներից Արամայիս Ղալումյանը:

Այսօր տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են բժշկական ոլորտի հիմնական խնդիրները, որոնք մասնագետները հայտնաբերել են այցի ընթացքում: Հանդիպման հիմնական նպատակը Արցախի առողջապահական համակարգի վերականգնման եւ զարգացման ծրագրի մշակումն է: Իսկ խորհրդի անդամ են դարձել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ:

Նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանի խոսքով՝ Արցախի եւ Հայաստանի միջեւ հեռավորության մեծացման պատճառով ավելացել է նաեւ պացիենտների տեղափոխման ժամանակը: Լուրջ պաթոլոգիաներ ունեցող որոշ պացիենտներ տեղում անհապաղ օգնության կարիք ունեն, եւ Հայաստան տեղափոխելու ժամանակ չկա: Խնդիրն այն է, որ Արցախում մասնագետները չեն բավարարում՝ շատերը մեկնում են Հայաստան, կամ Ռուսաստան: Ուստի նոր կադրերի պատրաստում եւ պետության կողմից ֆինանսական աջակցություն անհրաժեշտ է ոչ միայն պացիենտներին, այլ նաեւ բժիշկներին: Մասնագետի կարծիքով՝ աշխատավարձերի բարձրացումը կարող է օգնել պահպանել կադրերի շահագրգռվածությունը՝ եթե բժիշկները արժանավայել աշխատավարձ ստանան, նրանք չեն ցանկանա լքել իրենց հայրենիքը:

Կադրերի պակասի խնդիրը, ըստ նյարդավիրաբույժի, վերաբերում է նաեւ Հայաստանի մարզերին։ Եւ, հնարավոր է, Արցախի առողջապահական համակարգի զարգացման ծրագիրը օգտագործվի որպես մոդել, որը կարող են վերցնել Հայաստանի շրջանները: