Կանադան պատրաստվում է Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ փորձարարական պատվաստանյութի 800-1000 սրվակ ուղարկել Աֆրիկա: Ինչպես երկրի առողջապահության նախարարար Ռոն Ամբրոզին վկայակոչելով՝ Associated Press գործակալությունն է հաղորդել, դեղամիջոցը առողջապահության համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) է փոխանցվելու:

Նախարարի հաղորդմամբ, պատվաստանյութը միկրոկենսաբանության ազգային լաբորատորիայում է մշակվել: Ռոն Ամբրոզը հավաստիացրել է, որ Կանադայի իշխանությունները ջանք չեն խնայելու՝ համաճարակի դեմ պայքարը հաջողությամբ ավարտելու համար. խոսքը նաեւ բժշկական անձնակազմի եւ ֆինանսական միջոցների տրամադրմանն է վերաբերում, հաղորդում է The Washington Post-ը:

Պատվաստանյութի կիրառման մասին որոշումն այն բանից հետո է ընդունվել, երբ ԱՀԿ-ի փորձագետներից կազմված հանձնախումբը Էբոլայի դեմ մշակված փորձարարական դեղամիջոցների կիրառությունը «էթիկայի կանոններին համապատասխան» ճանաչելու մասին որոշում է կայացրել: Կազմակերպության փոխտնօրեն Մարի-Պոլ Կինիի հաղորդմամբ, ներկայումս դեղորայքի երեք տեսակներ են ուսումնասիրության ենթարկվում, որոնք մինչ այժմ անբուժելի համարվող հիվանդության դեմ պայքար մղելու ներուժ են պարունակում:

Մի փոքր ավելի վաղ ԱՄՆ Սպիտակ Տունը եւս բավարարել էր Լիբերիայի իշխանությունների՝ Էբոլա վիրուսով հրահրված հեմոռագիկ հիվանդության դեմ փորձարարական պատվաստանյութեր ուղարկելու մասին խնդրանքը: Հիշյալ տեղեկությունը աֆրիկյան պետության ղեկավարի՝ Էլլեն Ջոնսոն-Սերլիֆի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությամբ է հաստատվել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ից նշում են, որ դեղամիջոցը վիրուսով վարակված լիբերիացի բժիշկների բուժմանն է ուղղվելու:

Տենդի ներկայիս բռնկումը ընթացիկ տարվա փետրվարի ամսին՝ Գվինեայի տարածքում է մեկնարկել: Կարճ ժամանակ անց վիրուսն այլեւս Սիերա-Լեոնեի եւ Լիբերիայի սահմաններն էր հատել: ԱՀԿ-ից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, հեմոռագիկն տենդը վեց ամիսների ընթացքում 1013 մարդու մահվան պատճառ է դարձել, իսկ վարակման դեպքերի թիվը 1800 է կազմում: