Աշխարհահռչակ դերասան, օսկարակիր Ռոբին Վիլյամսը գաղտնիք չէր պահում, որ թմրամոլ է դարձել եւ ծանր դեպրեսիվ շրջան է ապրում: Սակայն երկուշաբթի օրը տեղի ունեցած ակնհայտ ինքնասպանությունն այնպիսի ցնցում է առաջացրել թե նրա ընկերների, եւ թե երկրպագուների շրջանում, որ ակամա հարց է ծագել՝ միգուցե արտիստի մահը անտեսված ախտանշանների՞ արդյունք էր:
Ինչպես Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում թմրամոլության փորձագետ Ջո Շրենքն է նշել, դեպրեսիայի զարգացման մասին վկայող նշանները մեծ ի մասամբ խիստ քողարկված բնույթ են կրում, եւ միայն գերագույն վարպետությամբ օժտված ու տասնյակ տարիների կլինիկական աշխատանքի փորձ ունեցող մասնագետը կարող է դրանք ճանաչել:
Իսկ հոգեբան Չակ Վիլյամսը հավելել է, որ նույնիսկ վերը հիշատակված ախտանշանների բացահայտման պարագայում առաջարկվող բուժման եղանակները երկարատեւ ու բարդ գործընթացներ են ենթադրում:
«Դեպրեսիայի բուժմանը միտված միջամտությունների առումով դեռեւս, կարելի է ասել, նախագծային փուլում ենք գտնվում, իսկ թմրամոլության պարագայում էլ ավելի հետ ենք», - մեկնաբանել է դոկտոր Վիլյամսը՝ հավելելով, որ թմրամոլությունը բուժելու նպատակով ներկայումս միայն ուղեղը ֆիզիկական փոփոխությունների ենթարկելու տարբերակն է փորձարկվում, քանի որ բուժման կամ վիրաբուժական միջամտության այլ տարբերակներ գիտությանը դեռեւս հայտնի չեն:
Ռոբին Վիլյամսի հետ պատահած ողբերգությունը նոր լույս է սփռել ԱՄՆ քաղաքացիների մտավոր առողջության ապահովվածության մակարդակի վրա եւ թեմայի շուրջ հանրային քննարկումների կազմակերպման հնարավորություն ընձեռել:
«Բոլորս պարբերաբար ֆիզիկական առողջության ստուգմանը միտված հետազոտություններ ենք անցնում, սակայն մտավոր առողջությունն ապահովելու համար գրեթե ոչինչ չի արվում, եւ դա մտահոգության տեղիք է տալիս», - նկատել է փորձագետը:






