Տարբեր տեսակի վարակների, այդ թվում՝ Էբոլա հեմոռագիկ տենդի ներթափանցումը եւ տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում ձեռնարկվող սահմանային միջոցառումները միջազգային առողջապահական կանոնների շրջանակում են իրականացվում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանն է հայտնել՝ ի պատասխան հարցի, թե Հայաստանում ինչ միջոցառումներ են ձեռնարկվում՝ Էբոլա տենդից պաշտպանվելու համար։
Լիլիթ Ավետիսյանի խոսքով, հիշյալ կանոնները հստակ սահմանումներ են տալիս այն մասին, թե ինչպես պետք է վարվել, եթե, ասենք, օդանավի կամ գնացքի ուղեւորի մոտ որոշակի ախտանշաններ են հայտնաբերվում, ինչպես պետք է հաղորդվի այդ մասին, ինչ միջացառումներ պետք է ձեռնարկվեն։ Բացի այդ, «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա բժշկական հերթապահություն է իրականացվում։
Մասնագետի պարզաբանմամբ, Էբոլա վիրուսի ռեզերվուար հանդիսացող չղջիկի տեսակը հատկապես այն չորս աֆրիկյան երկրներում է տարածված, որտեղ ներկայումս համանուն հեմոռագիկ տենդն է մոլեգնում։ Չղջիկից վարակը փոխանցվում է մարդուն եւ հետո արդեն՝ մարդուց մարդու անցնում։ Թեեւ այլ վայրի կենդանիներ էլ (այդ թվում կապիկները) կարող են չղջիկից վարակվել եւ հետո վիրուսը մարդկանց փոխանցել։
Հայաստանում, որտեղ այդ չղջիկները չկան, ըստ Լ.Ավետիսյանի, խնդիր երկու դեպքում կարող է առաջանալ. եթե վարակակիր որեւէ մեկը Աֆրիկայից ժամանի, կամ եթե «սեւ» մայրցամաքից վարակված կենդանիներ բերվեն։ Վայրի կենդանիների հարցը, ըստ Լ. Ավետիսյանի, լուծված է։ Առողջապահության նախարարությունը վայրի կենդանիների ներմուծումն արգելելու խնդրանք է հղել գյուղնախարարությանը, որն անմիջապես բավարարվել է։
«Եթե երկրի տարածքում հիվանդ հայտնաբերվի, ապա բժիշկները իրազեկված են, թե ինչպես պետք է վարվել, եւ ինչ միջոցառումներ իրականացնել», - հավաստիացրել է մասնագետը, հավելելով, որ աշխատանքներ են տարվում նաեւ բնակչության շրջանում։ «Հավանականությունը քիչ է, բայց բացառված էլ չէ, որ կարող է այդպիսի հիվանդ մուտք գործել երկիր», - նշել է նա։
Լ.Ավետիսյանը նաեւ հայտնել է, որ երկիր ժամանող մարդկանց նկատմամբ բժշկական հսկողություն կարող է իրականացվել միայն հիվանդության կլինիկական արտահայտման դեպքում, այլ պարագայում ոչ ոք իրավունք չունի մարդուն հարկադիր բուժզննման ենթարկել կամ մեկուսացնել։






