Բրիտանացի գիտնականները ոսկու օգնությամբ չարորակ ուռուցքների ոչնչացմանը միտված տեխնոլոգիա են մշակել, հաղորդում է BBC-ն:
Քեմբրիջի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկին հաջողվել է նանոինժեներիայի օգնությամբ ոսկու եւ օնկոլոգիական հիվանդությունների բուժման նպատակով լայն կիրառություն ստացած դեղամիջոցներից մեկի՝ ցիսպլատինի համաձուլվածքը ստանալ:
Հիշյալ միացությունը նախապես քաղցկեղով ախտահարված գոտիներն է ուղղորդվում, այնուհետեւ համապատասխան հյուսվածքները թույլ ռադիացիոն ազդեցության են ենթարկվում, ինչի արդյունքում ոսկին չարօրակ բջիջների պաշտպանական ԴՆԹ-ն ոչնչացնող էլեկտրոն է արտազատում: Բուժման ավարտական փուլում ցիսպլատինն է գործի անցնում՝ ախտահարված բջիջները ոչնչացնելու նպատակով:
Հարկ է նշել, որ ցիսպլատինն էլ, իր հերթին, պլատինի ածանցյալն է հանդիսանում:
«Մեզ հաջողվել է լաբորատոր պայմաններում չարորակ ուռուցքի ի սպառ ոչնչացումն ու դրա հետագա ձեւավորման կանխարգելումն ապահովել», - հայտարարել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Մարկ Վելլանդը՝ հավելելով, որ ոսկին չափազանց մեծ կարեւորություն ունեցող տարր է հանդիսանում, քանի որ կարող է չեզոք ազդեցություն ապահովել մարդու օրգանիզմի վրա եւ, միաժամանակ, նանոմակարդակներում ազդեցության միջոց ծառայել:
Հետազոտության արդյունքները կարելի է բոլոր առաջնակարգ գիտական պարբերականներում գտնել:






