Փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի հրապարակած նկարը՝ համալիրում տեսակայված մահճակալներով, հին նկար էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, մոտ 2-3 օր երկրում բավական լարված իրավիճակ էր, կար հոսպիտալացման սպասող քաղաքացիների ցանկ, որոնք ստիպված էին սպասել մի քանի ժամից մինչեւ մեկ օր: Սակայն այս պահին էլ կորոնավիրուսային վարակով փոքր թվով քաղաքացիներ դեռ սպասում են հոսպիտալացման: Եւ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտները հիմնականում հենց հիվանդանոցային բուժման եւ թթվածնի կարիք ունեն:

Նախարարի խոսքով, այս շաբաթվա ընթացքում մոտ 300 լրացուցիչ մահճակալ է ծավալվել, բայց պետք չէ մոռանալ, որ մահճակալների ֆոնդը անվերջ չէ:

Թթվածնային սարքերի քանակը, նախարարի խոսքով, այս պահի դրությամբ բավարար է:

«Վերջին տարվա ընթացքում 15 լրացուցիչ թթվածնային կայան ենք գնել եւ այլ սարքավորումներ՝ մոտ 3000 մահճակալի հագեցվածություն ենք ապահովել», - ասաց Անահիտ Ավանեսյանը: