Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը չի կարող ազդել մարդու գենոմի կամ գենետիկ ժառանգականության վրա: Նման կարծիք է հայտնել Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:
«Չի կարող, պատասխանը միանշանակ է»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ մարդու գենոմի վրա հնարավոր է ազդել դրանում ցանկացած տարրերի ինտեգրման կամ ԴՆԹ-ի կառուցվածքի փոփոխության միջոցով:
«Եթե դեղամիջոցը մարդու օրգանիզմում չի բազմանում, ապա այն չի կարող որեւէ կերպ ինտեգրվել եւ փոխազդել մեր նուկլեինաթթվի հետ: Ուստի «Սպուտնիկ V»-ն ոչ մի կերպ չի կարող ազդել ո՛չ նուկլեինաթթվի, ո՛չ ժառանգականության, ո՛չ էլ մեր ժառանգական նյութի փոփոխության հետ կապված որեւէ այլ բանի վրա»,- ասել է մասնագետը:
Խոսելով այս պատվաստանյութով պատվաստվելուց հետո կորոնավիրուսով վարակման հնարավորության մասին՝ նա նշել է, որ հնարավոր է վարակվել, եթե երկրորդ պատվաստումից երեք շաբաթ դեռ չի անցել: Սակայն այս դեպքում հիվանդությունը մեղմ կլինի: Սակայն եթե պատվաստանյութի առաջին բաղադրիչը ստանալուց հետո երրորդ կամ հինգերորդ օրը մարդը հիվանդանում է, իրավիճակը կարող է ավելի բարդ լինել: Եթե պատվաստանյութի երկրորդ բաղադրիչի ներարկումից անցել է երեք շաբաթ, 100 տոկոսանոց երաշխիք է տրվում, որ ծանր տեսքով հիվանդությունը չի առաջանա, նշել է Գինցբուրգը:






