Էբոլա հեմոռագիկ տենդի համաճարակից դրդված՝ Գվինեայի իշխանությունները երկրում արտակարգ իրադրության ռեժիմ հայտարարելու մասին որոշում են կայացրել: Այս մասին հուլիսի 13-ի երեկոյան երկրի նախագահ Ալֆա Կոնդեն է հայտարարել: Արտակարգ իրադրության ռեժիմը որոշակի սահմանափակումներ է ենթադրում: Խոսքը սահմանային անցակետերում իրականացվող վերահսկիչ գործողությունների խստեցմանը եւ ուղեւորությունների սահմանափակմանը, մասնավորապես՝ «մինչեւ համաճարակի ավարտը մեկ քաղաքից մյուսի ուղղությամբ տեղաշարժի» արգելափակմանն է վերաբերում: Բացի այդ, բոլոր այն անձինք, որոնք վարակակիր լինելու մեջ են կասկածվում, պարտավոր են անհապաղ բուժհաստատություն ներկայանալ եւ բժիշկների վերահսկողության տակ մնալ՝ քանի դեռ դուրս գրվելու թույլտվություն չեն ստացել, հաղորդում է  Reuters գործակալությունը:

Գվինեայում Էբոլա վիրուսով վարակման դեպքերն առաջին անգամ ընթացիկ տարվա փետրվար ամսին են գրանցվել: Ներկայիս դրությամբ հեմառագիկ տենդը 377 գվինեացիների կյանք է խլել: Ավելին՝ համաճարակը շարունակում է նաեւ Արեւմտյան Աֆրիկայի մի շարք այլ երկրներում մոլեգնել: Ի սկզբանե արտակարգ իրադրության ռեժիմ է հայտարարվել հարեւան երկու երկրներում՝ Նիգերիայում եւ Լիբերիայում: Սիերա-Լեոնեում սահմանադրական իրավունքների սահմանափակում ենթադրող ռեժիմը հուլիսի 31-ից է գործում:

Վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով Գամբիան արգելանք է դրել Գվինեայից, Լիբերիայից եւ Սիերա-Լեոնեից իրականացվող բոլոր ավիաթռիչքների վրա, իսկ ավելի վաղ British Airways ավիաընկերությունը հրաժարվել է Սիերա-Լեոնեի եւ Լիբերիայի ուղղությամբ թռիչքների իրականացումից: Ավելին՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Սիերա-Լեոնեի, Լիբերիայի եւ Գվիենայի՝ մահմեդական ծիսական ուխտագնացության՝ հաջի իրականացման նպատակով երկիր ժամանելու մտադրություն ունեցող քաղաքացիներին մուտքի արտոնագիր չտրամադրելու մասին որոշում են կայացրել:

Այդուհանդերձ, չնայած ձեռնարկվող անվտանգության միջոցառումներին, համաճարակի զոհերի թիվը հաստատուն աճ է գրանցում: Բռնկման պահից՝ ընթացիկ տարվա փետրվար ամսից ի վեր այն 1069 մարդու կյանք է խլել, իսկ վարակվածների թիվն այլեւս շուրջ 2000 է կազմում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, տենդի տարածումը միջազգային նշանակության սպառնալիք է ներկայացնում: