Հետազոտությամբ պարզվել է, որ հելմինտոթերապիան կարող է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ ցրված սկլերոզի, փսորիազի, ռեւմատոիդ արթրիտի եւ գայլախտի բուժման արդյունավետ միջոց ծառայել, հաղորդում է Science World Report-ը: Խոսքը աուտոիմունային հիվանդությունների մասին է, որոնց ավելի քան ութսուն տեսակներ են հայտնի՝ ամենաթույլից մինչեւ խիստ վտանգավոր: Դրանց մի մասը մարմնի որոշ հատվածների, մյուսներին էլ՝ օրգանների ախտահարմամբ են աչքի ընկնում:
«Շատերն են կարծում, թե աուտոիմունային հիվանդություններով ախտորոշման դեպքերի քանակական աճը արեւմտյան քաղաքակրթությանը հատուկ՝ մաքրության նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ է պայմանավորված, քանի որ մարդու իմունային համակարգն այլեւս ծանոթ չէ այն բոլոր՝ բազմաթիվ ինֆեկցիաներին, որոնք նախորդ սերունդների համար առօրյա միջավայրի մասն էին կազմում», - նշել է գիտահետազոտական խմբի անդամներից մեկը՝ Ռեյ Նորտոնը՝ Մոնաշի համալսարանից:
Հատկանշական է, որ հետազոտության շրջանակում մակաբույծ որդերի մոտ օրգանիզմի իմունային արձագանքը ճնշող պեպտիդներ են հայտնաբերվել: Գիտնականները համոզմունք են հայտնել, որ վերոհիշյալ հայտնագործությունը նկարագրյալ պեպտիդների օգնությամբ նոր դեղամիջոցների մշակման հնարավորություն է ընձեռում, որոնց օգնությամբ կարելի է սեփական օրգանիզմի բջիջներին, հյուսվածքներին եւ օրգաններին վնաս պատճառող եւ բորբոքմամբ, տարբեր աստիճանի վնասվածքներով, մինչեւ անգամ՝ մահվան ելքով հղի աուտոիմունային հիվանդություններին հատուկ ախտանշանների դեմ արդյունավետ պայքարի միջոց գտնել:
Գիտնականների խոսքով, բուժման առաջարկվող եղանակը սովորական հելմինտոթերապիա չէ: Վերջինիս պարագայում մարդիկ գիտակցաբար օրգանիզմը տարբեր մակաբույծներով են վարակում՝ այս կամ այն հիվանդության դեմ արդյունավետ պայքար մղելու համար, քանի որ կարծում են, թե որդերը իմունային համակարգի աշխատանքը բարելավելու եւ կյանքի տեւողությունը երկարաձգելու հատկություն ունեն: Հետազոտության հեղինակները մտադիր են հելմինտներում հայտնաբերված ակտիվ բաղադիչների հիման վրա նոր դեղամիջոցներ ստեղծել՝ հելմինտոթերապիայի գործընթացը պարզեցնելու համար:






