Անգլիայում եւ Ուելսում պատվաստման շնորհիվ 80-ն անց մարդկանց շրջանում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը 92 տոկոսով նվազել է: Մասնագետների խոսքով՝ սա ապացուցում է պատվաստանյութերի արդյունավետությունը:
Ազգային վիճակագրության վարչության տվյալներով՝ մարտի 26-ին ավարտված մեկ շաբաթվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների շրջանում 379 մահվան դեպք, մինչդեռ հունվարին, համավարակի երկրորդ ալիքի ամենամռայլ շրջանում, ամեն շաբաթ գրանցվել է մահվան ավելի քան 5300 դեպք, հայտնում է The Daily Mail-ը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ պատվաստումները սկսելուց հետո 75-79 տարեկան անձանց շրջանում մահացությունը նվազել է 93,4 տոկոսով, 70-74 տարեկան անձանց շրջանում՝ 92,4 տոկոսով, 65-69 տարեկան անձանց շրջանում՝ 90,8 տոկոսով, իսկ 60-64 տարեկան անձանց շրջանում՝ 83,7 տոկոսով:
Ըստ մասնագետների՝ այս խոստումնալից թվերը կարող են կապված լինել Մեծ Բրիտանիայում պատվաստման ծրագրի հաջող ծավալման հետ: Հատկանշական է, որ ներկայումս COVID-19-ի հետեւանքով մահերի ավելի մեծ բաժին է դիտվում երիտասարդների շրջանում, քան համավարակի երկրորդ ալիքի ժամանակ:
Մեծ Բրիտանիայում վերջին շաբաթում կորոնավիրուսային ինֆեկցիայի բոլոր զոհերի (98 մարդ) մոտ 14 տոկոսը եղել է 60 տարեկանից երիտասարդ: Համեմատության համար՝ անցած աշնանը այս ցուցանիշը կազմել է մոտ 6 տոկոս:
Նշենք, որ Անգլիայում եւ Ուելսում 60-ն անց յուրաքանչյուր մարդու առաջարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափ: Ավելի քան 31 մլն բրիտանացիներ կամ 5 մեծահասակից 3-ը պատվաստվել են:






