Կան մի շարք խնդիրներ եւ ախտանշաններ, որոնց դեպքում խորհուրդ է տրվում դիմել պոլիկլինիկա՝ ընտանեկան բժշկին: Այդ մասին պատմել է բարձրագույն կատեգորիայի թերապեւտ Ալեքսեյ Բեզիմյանին:

Նրա խոսքով՝ նախ այդ խնդիրներին են դասվում զարկերակային ճնշման բարձրացումը, հոդացավերը, հոգնածության զգացումը, աշխատունակության անկումը, ինչպես անեւ սովորական կենսակերպի փոփոխությունը, այդ թվում՝ քաշի կտրուկ աճը կամ, հակառակը, նիհարումը:

«Կան ախտանշաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել պոլիկլինիկա. դրանք են զարկերակային ճնշման բարձրացումը, հոդացավերը, հոգնածության զգացումը, աշխատունակության անկումը, հիշողության թուլացումը: Դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել. եթե կա ինչ-որ ախտանշան, անհրաժեշտ է դիմել բժշկի: Պետք է պոլիկլինիկա գնալ նաեւ սովորական կենսակերպի փոփոխության դեպքում, եթե կտրուկ նիհարում եք կամ գիրանում, դադարում եք նորմալ քնել, դարձել եք դյուրագրգիռ, նյարդային, արտաքնապես փոխվել եք, ունեք ավելացած մազաթափություն, մաշկի ցան, դիսկոմֆորտի զգացողություն, ցավ, այրոց»,-պատմել է Բեզիմյանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ հիշել, որ կան ախտանշաններ, որոնց դեպքում պետք չէ ակնկալել, որ ամեն ինչ ինքնստինքյան կանցնի առանց պոլիկլինիկա դիմելու. անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն դիմել: Այդպիսի ախտանշաններին են դասվում կրծքավանդակում ցավը, որովայնում ցավը, սուր գլխացավը: