Շատերն են հանգստանալու համար տաք լոգանքի օգնությանը դիմում, սակայն այն կարող է նաեւ տարատեսակ մանրէներով վարակման պատճառ դառնալ: Դրանցից ամենատարածվածը կարող է մարմնի ողջ մակերեսին, հատկապես՝ լողազգեստով ծածկված հատվածներում, կարմիր, քոր հարուցող ուռուցքների առաջացման պատճառ դառնալ: Բացի այդ, մանրէները կարող են նաեւ պղպջակների կամ գոլորշու միջոցով օդի մեջ տարածվել եւ, շնչուղիներ անցնելով, ծանր թոքաբորբի՝ լեգեոներների հիվանդության առաջացման պատճառ դառնալ, հաղորդում է FoxNews-ը:

Միացյալ Նահանգներում ամեն տարի բավականաչափ չախտազերծված ջրի մեջ առկա՝ լեգեոնելա անունը կրող մանրէների հրահրմամբ առաջացած հիվանդության շուրջ 18 հազար դեպք է ախտորոշվում:  

Լեգեոներների հիվանդությունը սովորաբար կարելի է հակաբիոտիկների օգնությամբ բուժել, սակայն տարեց, ծխող եւ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց պարագայում, վարակը կարող է ճակատագրական զարգացում ապահովել:

Լոգանքի համար կիրառվող տաք ջուրը ոչ միայն չի կարող մանրէների ոչնչացման պատճառ դառնալ, այլ նաեւ, որոշ դեպքում, դրանց աճ է խթանում: Ավելին, բարձր ջերմաստիճանի պարագայում ջրի մեջ առկա ախտահանիչ տարրերի, մասնավորապես՝ քլորի քայքայում է առաջանում, ինչը կարող է մանրէների նկատմամբ առավել բարձր խոցելիության հանգեցնել:

Տհաճ անակնկալներից խուսափելու համար տաք լոգանք ընդունելուց հետո հարկավոր է ազատվել լողազգեստից եւ օճառով ցնցուղ ընդունել: 

Բացի այդ, հարկավոր է համոզվել, որ ջրի մեջ բավարար քանակով եւ որակի ախտահանիչներ են ներառված: Այս պարագայում pH-ի մակարդակը եւս նշանակություն ունի: