Հայաստանի Հանրապետությունում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության որեւէ դեպք առ այսօր չի արձանագրվել, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Հիվանդության ներթափանցումը մեր երկիր կանխելու համար ընդունվել է «էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի եւ կանխարգելման միջոցառումների մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով հանձնարարականներ են տրվում շահագրգիռ բոլոր կառույցներին՝ այս հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար, մասնավորպես.

  • Բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու եւ նրանց իրազեկման նպատակով մշակվել է «Ի՞նչ է Էբոլա վիրուսը եւ ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերտառությամբ հուշաթերթը, որը կտրամադրվի բնակչությանը:
  • Հայաստանից մեկնողների եւ ժամանողների իրազեկման համար մշակվել է «Էբոլա վարակի վերաբերյալ» հուշաթերթը, որը կտրամադրվի զբոսաշրջային ծառայություններին եւ ուղեւորներին:
  • Մշակվել է «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ցուցումները՝ հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերման, մեկուսացման, բուժման եւ կանխարգելիչ միջոցառումների համակարգված իրականացման համար, որը կտրամադրվի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ կազմակերպվում են զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար սեմինար դասընթացներ՝ զբոսաշրջիկների շրջանում հիվանդության առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու նպատակով:
  • ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ է տարել վայրի կենդանիների ներբերումը մեր երկիր արգելելու համար, ինչը եւ իրականացվել է:
  • Հրահանգվել է ուժեղացնել պետական սահմանում սանիտարական կարանտինային հսկողությունը:
  • Կազմակերպվում են բուժաշխատողների իրազեկման դասընթացներ:

Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը, որը աֆրիկյան մի շարք երկրներում վերածվել է բռնկման, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Դրա համար հիմք է հանդիսացել հիվանդության եզակի դեպքերի արձանագրումը բռնկման գոտուց դուրս այլ երկրներում: Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հրապարակման տվյալների` Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն այսօր աշխարհում լարված է: ԱՀԿ տվյալներով առ այսօր բնակչության շրջանում արձանագրվել է Էբոլա վիրուսով 1975 դեպք, այդ թվում` 1069-ը մահվան ելքով (55%): Հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են աֆրիկյան երկրներում, մասնավորապես` Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե եւ Նիգերիա: