Կորոնավիրուսով վարակվածների այն թվերը, որոնք Հայաստանում այսօր հրապարակվում են, կապ չունեն իրական թվերի եւ համաճարակային իրավիճակի հետ: Վարակվածների, ինչպես նաեւ մահացածների իրական թիվը դեռ անհայտ է: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է արտահայել «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը:
Վարակակիրների իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտնվում է: Սակայն մահվան թվերը գուցե ճափազանցված են, քանի որ որոշ պացիենտներ տեղափոխվում են հիվանդանոց կորոնավիրուսի կասկածով, բայց մահը վրա է հասել, օրինակ, ինֆարկտից կամ ինսուլտից: Շատերի դեպքում էլ դիահերձում չի կատարվել, հետեւաբար, մահվան հստակ պատճառը հայտնի չէ, բայց այդ մահերը գրանցվել են որպես կորոնավիրուսից մահեր:
Գրիգորյանի խոսքով, կորոնավիրուսը դեռ ուսումնասիրության փուլում է, օրեցօր նոր տվյալներ են հայտնվում վարակի մասին՝ թե մարդկանց, թե կենդանիների մոտ: Դեռեւս հայտնի չէ, թե որտեղից է հայտնվել այս վարակը, այդ իսկ պատճառով, դեռ վաղ է խոսել դրա համաճարակաբանության մասին: Ավելին, մասնագետի խոսքով, դեռ վաղ է խոսել դրա բուժման կամ կանխարգելման անվիճելի միջոցների մասին: Այսօր կիրառվող միջոցներից որեւէ մեկը չի ապացուցել իր անվիճելի առավելությունը մյուսների հանդեպ:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205 128 դեպք, որոնցից 184 243-ն` առողջացած, 3794-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915 473 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5869 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած եւ 19 մահվան դեպք:
Առողջապահության նախարարության տվյալներով, նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 957 է:






