Տղամարդկանց եւ կանանց անպտղության պատճառները զանազան են, եւ եթե երիտասարդ զույգը մեկ տարուց ավելի երեխա չի ունենում, ապա անհրաժեշտ է մասնագետի օգնություն։ Այս մասին ասաց ուրոլոգ Սարգիս Աբովյանը դեկտեմբերի 17-ին Երեւանում կայացած գիտաժողովի ժամանակ, որը նվիրված էր ուրոլոգիայի եւ վերարտադրողական առողջության խնդիրներին։

Գիտաժողովին, որը վարում էր Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը, քննարկվել է Հայաստանում արդիական դարձած անպտղության հարցը։

Մասնավորապես, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Չզմաչյանը նշեց, որ կնոջ օրգանիզմը բավականին հաճախ հակասերմային հակամարմիններ է արտադրում, ինչը կարող է բերել պտղավորման պրոցեսի խանգարմանը։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է բժշկական զննում անցնել եւ բացահայտել կնոջ անպտղության պատճառը։

Ուրոլոգ Սարգիս Աբովյանը նշեց, որ անպտղության պատճառները 39 տոկոս դեպքերում կապված են կնոջ առողջության հետ, 20 տոկոս դեպքերում՝ տղամարդու, 20 տոկոս դեպքերում չճշտված ախտահարում է, 21 տոկոս դեպքերում՝ համակցված խանգարումներ են եւ կնոջ, եւ ամուսնու մոտ։ Վերջին տարիներին բժիշկների դիմող զույգերից 15 տոկոսը երեխա չեն կարողանում ունենալ, նրանցից 5 տոկոսը անպտուղ են մնում, ինչը հաճախ ընտանիքի քայքայման պատճառ է դառնում։

Նա նաեւ նշեց, որ տղամարդիկ խուսափում են բժշկի դիմելուց, համարելով, որ 100 տոկոսով պատճառը կինն է։ Արդյունքում տղամարդը բաժանվում է, երկրորդ անգամ ամսուսնանում, բայց ապարդյուն։ Ըստ բժշկի, այդպիսի ստվերում մնացող եւ բժշկից խուսափող տղամարդիկ «մաչոյի» բարդույթով են տառապում։

Բոլոր դեպքերում, երբ զույգը չի կարողանում երեխա ունենալ, մասնագետի պետք է դիմել երկուսով, քանի որ երեխան երկու ծնողից է լինում, ոչ թե մեկից։