ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հալեպի Կրթասիրաց մշակութային միության պատվիրակությանը, որի կազմում էին Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, Հալեպի Կրթասիրաց մշակութային միության խնամակալության հաշվապահ Ջորջ Քասարյանը, միության հոգաբարձության անդամ Վաչե Դիշոյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ փոխնախագահ, Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի հոգաբարձության երկարամյա հաշվապահ Ալեքսան Կարադանայանը: Հյուրերը պատմեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին` շեշտելով, որ հպարտ են հայրենիքում իրենց նկատմամբ առանձնակի մոտեցումների համար: Սիրիահայերը իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին նախարարին լավ վերաբերմունքի եւ ցուցաբերվող աջակցության համար: Նշեցին, որ չափազանց կարեւոր է ինչպես առողջապահական խնդիրների, այնպես էլ բուժաշխատողների զբաղվածության խնդրի լուծումը:

Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Ստեփանյանը: Նա ՀՀ սփյուռքի նախարարության եւ սիրահայերի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը` սերտ համագործակցության, օպերատիվ աշխատանքի եւ սիրահայերի հանդեպ հոգատար աշխատանքի համար:

«Համատեղ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք օգնել սիրիահայերին: ՀՀ առողջապահության նախարարությունը` որպես ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սիրիահայերի խնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, մշտապես օգնության ձեռք է մեկնում սիրիահայերին»,- նշեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը` ընդգծելով, որ իրենք բարձ են գնահատում նախարարության աշխատանքը:

«Ընդամենը մեկ զանգով, մեկ գրությամբ մարդկանց առողջության եւ ճակատագրի հետ կապված հարցեր են լուծվում: Ամենակարեւորն այն է, որ ոչ միայն առողջապահական համակարգում, այլեւ տարբեր որոտները ներկայացնող մասնագետները գտնեն իրենց տեղը հայրենիքում»,- ընգծեց Ստեփանյանը` հայտնելով, որ իրենց հաշվարկով` վերջին երկու տարիների ընթացքում 700-ից ավելի սիրիահայեր ստացիոնար բուժում են անցել Հայաստանում:

«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված աշխատանքի համար»,- ասաց

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ փոխնախագահ, Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի հոգաբարձության երկարամյա հաշվապահ Ալեքսան Կարադանայանը` նշեց, որ բազմից առիթներ է ունեցել այցեցելու ՀՀ առողջապահության նախարարություն եւ տպավորված է աշխատակազմի հոգատար եւ ջերմ վերաբերմունքով:

Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը սիրիահայերի անունից Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնեց Հալեպի Կրթասիրաց մշակությաին միության «Մեսրոպ Մաշտոց» արծաթե հուշամեդալը, որը խորհրդանշում է ոչ միայն նախարարի, այլեւ գերատեսչության ամբողջ անձնակազմի կողմից սիրիահայերի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը:

Նախարար Արմեն Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով պարգեւի համար, նշեց, որ հպարտանելու առարկա է այն, որ նախարարության աշխատանքը նկատելի է:

«Կարծում եմ, որ դա շարունակական է լինելու: Շատ սիրիահայ բժիշկներ աշխատում են ամենապատասխանատու վայրերում` Երեւանում եւ մարզերում` զարդարելով այդ առողջապահական կառույցները: Դրանով լուծվում է նաեւ մարզերի համաչափ զարգացման խնդիրը, ինչը երկրի եւ կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում է եւ մեծ օգուտ է բերում մեր երկրին»,- հավելեց նախարարը:

Սիրիահայերին օգնելուն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերը շարունակական են լինելու: Նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ հանրապետության մարզերի մի շարք` Սպիտակ, Թալինի, Գավառի բժշկական կենտրոններում, սիրիահայ բժիշկներն հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը: