Ավստրալացի բժիշկները որոշ դեպքերում ծխող հիվանդներին հետաձգված բուժման կուրս են առաջարկում՝ նախքան այդ պահանջելով հրաժարվել վնասակար սովորույթից, իսկ բրիտանացիներն ընդհանրապես հրաժարվում են նմանատիպ հիվանդների հետ շփվել, տեղեկացնում է FoxNews-ը:
Սրտանոթային վիրաբույժ Զահիդ Ռեզայի հայտարարությունը, թե իր՝ Edinburgh Royal Infirmary կլինիկան, բացառությամբ շտապ օգնություն պահանջող դեպքերի, այսուհետ չի ընդունելու այն հիվանդներին, որոնք շարունակում են ծխախոտ օգտագործել, դժգոհությունների ալիք է բարձրացրել Շոտլանդիայում:
«Փաստերն այն մասին են վկայում, որ ծխող մարդկանց պարագայում նշանակված բուժումը արդյունավետ չի անցնում: 80 տոկոս դեպքերում միայն վնասակար սովորույթից հրաժարվելը կամ կենսակերպի այլ փոփոխությունները կարող են առողջական վիճակի շոշափելի բարելավման հանգեցնել», - նշել է վիրաբույժը:
Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի սրտանոթային վիրաբույժների ասոցիացիայի նախագահ դոկտոր Ջոն Քուինի խոսքով էլ՝ ավստրալացի մասնագետները մեծ ի մասամբ չեն հրաժարվում ծխող հիվանդներին բուժել, սակայն կարող են բուժման կուրսի կամ վիրահատության հետաձգում պահանջել:
«Բացի այդ, որպես վիրաբույժ, մենք էլ իրավունք ունենք որոշ դեպքերում, մասնավորապես երբ խոսքը ծխախոտի օգտագործմանն ու ճարպակալմանն է վերաբերում, հրարաժարվել բուժման կուրսի իրականացումից, եթե հիվանդը չի պատրաստվում իր վարքագիծը փոխել», - տեղեկացրել է դոկտոր Քուինը:






