Սիրված կատակերգու դերասան Ռոբին Վիլյամսի վաղաժամ մահն այնպիսի ցնցում է առաջացրել նրա ընկերների, ծանոթների, երկրպագուների եւ հանրության շրջանում, որ շատերն են փորձում հասկանալ, թե ինչը կարող էր արտիստին ինքնասպանություն գործելու քայլին մղել: Նրա կնոջ՝ Սյուզան Շնեյդերի հայտարարությունն այն մասին, որ վերջերս Ռոբինի մոտ զարգացման վաղ փուլում գտնվող Պարկինսոնի հիվանդություն էր ախտորոշվել, որոշակի լույս է սփռել այդ ողբերգության պատճառների վրա։ Բանն այն է, որ այս հիվանդությունը դեպրեսիա է առաջացնում, հաղորդում է Medical Daily-ն:
«Ռոբինը երբեք չի կորցրել իր սթափությունը եւ խիզախ պայքար է մղել ինչպես դեպրեսիայի, այնպես էլ Պարկինսոնի հիվանդության դեմ, որը դեռեւս զարգացման վաղ փուլում էր գտնվում: Սակայն պատրաստ չէր իր պատերազմի մասին հրապարակայնորեն խոսել:
Բոլորս մեծ հույս ենք տածում, որ Ռոբինի ճակատագրական վախճանը ուժ կտա այլոց՝ իրենց պատերազմում օգնություն եւ աջակցություն փնտրելու, սեփական վախը մեղմելու համար», – ասել է Շնեյդերը։
Փորձագետների համոզմամբ, ցնցումներին, շարժողունակության կորստին եւ խոսելու կարողության հետ կապված խնդիրների առկայությանը զուգահեռ, անկայուն տրամադրությունը, անհանգիստ վիճակն ու դեպրեսիան եւս կարող են Պարկինսոնի հիվանդության կլինիկական ախտանշանները համարվել: Համաձայան վիճակագրական տվյալների, հիվանդությամբ տառապողների շուրջ 50 տոկոսի մոտ ինչ-որ պահի, գերազանցապես՝ ախտորոշումից հետո, դեպրեսիա է զարգանում: Բացի այդ, հիվանդությունը կարող է ուղեղի քիմիական փոփոխություններ հրահրել, որոնք էլ, իրենց հերթին, դեպրեսիայի առաջացում են խթանում:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այս հիվանդությունը
Պարկինսոնի հիվանդությունը դեգեներատիվ, նյարդաբանական խանգարում է, որը գլխավորապես շարժունակությունն ախտահարելու ներուժ ունի: Հիվանդության՝ ԱՄՆ-ում գործող ազգային հիմնադրամի տվյալներով, տարեկան 50-60 հազար մարդու մոտ հիշյալ խանգարումն է ախտորոշվում:
Հիվանդությունն իր անվանումը անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնի պատվին է ստացել, ով 1817թ.-ին առաջին անգամ խանգարումը նկարագրող հրապարկմամբ է հանդես եկել:
Առաջացման պատճառները
Հիվանդության առաջացման կոնկրետ պատճառները բժշկությանը դեռեւս հայտնի չեն: Բացի այդ, խոսքը հետերոգեն խանգարման մասին է: «Միեւնույն ախտանշաններն ունեցող անձանց մոտ հիվանդության առաջացման պատճառները կարող են տարբեր լինել», - նշել է նյարդաբանության պրոֆեսոր Սանդրա Կոստիկը:
Պարկինսոնի հիվանդությունը գլխավորապես գենետիկ եւ արտաքին (օրինակ՝ գլխի վնասվածք կամ պեստիցիդի ազդեցություն) գործոններով կամ, առավել հաճախ, դրանց համակցությամբ է պայմանավորվում: Ընդ որում, հիվանդության նկատմամբ առավել բարձր խոցելիություն տղամարդկանց շրջանում է նկատվում, հաղորդում է FoxNews-ը:
Պարկինսոնի հիվանդությունը ուղեղի մի շարք հատվածների, հատկապես շարժումների վերահսկման համար կարեւորագույն նշանակություն ունեցող ազդակների հաղորդման համար պատասխանատու հորմոնի՝ դոպամինի արտադրությամբ աչքի ընկնող սեւ զանգվածի բջիջների կորստի արդյունք է: Ընդ որում, դոպամինի ծավալների նվազեցումը կարող է նեյրոնների չհամակարգված աշխատանքի, ասել է, թե՝ շարժումների նկատմամբ վերահսկողության կորստի հանգեցնել:
Ախտանշանները
Պարկինսոնի հիվանդության հիմնական ախտանշանները, Մայքլ Ջեյ Ֆոքս հիմնադրամի վկայությամբ, բավականին հեշտ նկատելի են՝ ցնցումներ՝ հանգստի վիճակում (երբ վերջույթներից մեկը անվերահսկելի շարժումներ է իրականացնում), բրադիկինեզիա (շարժումների դանդաղեցում), հավասարակշռույթան հետ կապված խնդիրներ եւ ռիգիդություն:
Մյուս՝ ոչ մոտորային ախտանշանների շարքին կոգնիտիվ կարողությունների թուլացումը, հիշողության կորուստը, թուլամտությունը, արյան բարձր ճնշումը, անքնությունը, հոտառության կորուստն ու առատ թքարտադրությունն են դասվում: Բացի այդ, խոսելու կարողության հետ կապված խնդիրներ կարող են ի հայտ գալ, որն ամենեւին էլ կոգնիտիվ կարողությունների թուլացման արդյունք չեն եւ առավելապես ֆիզիկական պատճառներով են պայմանավորվում:
Ախտորոշում
Պարկինսոնի հիվանդությունը, հատկապես զարգացման վաղ փուլերում, խիստ դժվարությամբ է ախտորոշման ենթակա: Մասնավորապես, հիվանդության ախտորոշմանը միտված հետազոտության ոչ մի կոնկրետ տեսակ գոյություն չունի. բժիշկները սովորաբար հիվանդի պատմությանը ծանոթանալուց հետո՝ նյարդաբանական զննման արդյունքում են համապատասխան եզրահանգման գալիս: Պարկինսոնի հիվանդությամբ ախտորոշման համար մի քանի հիմնական ախտանշանների առկայություն է հարկավոր:
Հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը ամերիկացի դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Մայքլ Ջեյ Ֆոքսն է համարվում, ով եւս հիշյալ ախտորոշմանն է ենթարկվել եւ 2000թ.-ին իր իսկ անունով՝ բուժամիջոցների հայտնաբերման նպատակ հետապնդող հետազոտական հիմնադրամ ստեղծել, որն այսօր իրականացվող աշխատանքների ծավալով միայն պետական նախագծերին է զիջում:
Տարբեր հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում Ֆոքսը բազմիցս է նշել, որ Պարկինսոնի հիվանդությամբ ախտահարված մարդը գետնին ցեմենտված կոշիկներով փողոցի կենտրոնում կանգնած հետիոտնի է նման, ով տեսնում է, որ դիմացից ավտոբուս է գալիս, բայց, այդուհանդերձ, ոչինչ չի կարող անել: Ընդ որում, նշանակություն չունի, թե որքան մեծ է ավտոբուսը, կամ ինչ արագությամբ է ընթանում. միեւնույնն է՝ վրաերթի ես ենթարկվելու:
Բուժում
Պարկինսոնի հիվանդությունը ներկայումս անբուժելի է համարվում: Թերապիայի առաջարկվող միջոցները խանգարմանը հատուկ առավել ծանր ախտանշանները վերացնելու նպատակ են հետապնդում: Քանի որ հիվանդության նկատմամբ ռեակցիան ընդհանրական եւ ստանդարտ չէ, բուժման այս կամ այն եղանակը չի կարող բոլորին բավարարել: Ընդհանուր առմամբ, վիճակի թեթեւացման նպատակով, խմբային աջակցություն, խոսքի եւ ֆիզիկական թերապիա, կենսակերպի փոփոխություն, ինչպես նաեւ դեղամիջոցներ եւ, որոշ դեպքերում, վիրաբուժական միջամտություն կարող է նշանակվել, որոնք, լավագույն դեպքում, հիվանդության աճի տեմպերի դանդաղեցման կհանգեցնեն:
Նշանակվող դեղամիջոցների որոշ մասը դոֆամիներգիկ են, այսինքն՝ դոպամինի պակասը լրացնելու նպատակ են հետապնդում (Լեւոդոպա, Կարբիդոպա): Գոյություն ունեն նաեւ դոպամինի ագոնիստ դեղամիջոցներ, որոնք հորմոնի՝ ուղեղի վրա ազդեցությունն են կրկնօրինակում (Պրամիպեքսոլ, Ռոպիներոլ, Բրոմոկրիպտին): MAO-արգելակիչները (Սելեգիլին, Ռասագիլեն) եւ COMT-արգելակիչները (Էնատակապոն, Տոլկապոն) ուղեղի մեջ Լեւոդոպոայի համապատասխանաբար ուժն ու քանակը ավելացնելու, ինչի արդյունքում էլ՝ դոպամինի մակարդակը կարգավորելու նպատակ են հետապնդում:






