Պատվաստումներից ստացվող օգուտը գերակշռում է բոլոր հնարավոր ռիսկերը: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում արտահայտեց ամերիկահայ վիրաբույժ Շանթ Շխրտումյանը:

Նրա խոսքով, սխալ կլինի ասել, թե կորոնավիրուսի կամ ցանկացած այլ վարակի դեմ պատվաստումը զերծ է ռիսկերից: Սակայն այդ պատվաստումից ստացվող օգուտը շատ ավելի մեծ է:

«Ամեն ինչ հարաբերական է բժշկության մեջ, չկա որեւէ պատվաստում, դեղորայք, բուժում, վիրահատություն, որը ունի զրո ռիսկ եւ հարյուր տոկոսանոց օգուտ: Մենք միշտ ձգտում ենք հասնել այդ ցուցանիշին, բայց դա հնարավոր չի բժշկության մեջ», - ասաց մասնագետը:

Նրա խոսքով, պատվաստման հնարավոր ռիսկերը պետք է քննարկել, պարզ խոսել, որ հնարավոր լինի լավագույն որոշումները կայացնել երկրի եւ բնակչության համար:

«Նույնիսկ եթե ներառենք ամենածայրահեղ հետազոտությունները, որ ցույց են տալիս ռիսկերի մեծ շարան, պատվաստման օգուտները՝ թե անհատական մակարդակով, թե հանրային մակարդակով մի քանի հարյուր, եթե ոչ հազար անգամ ավելի շատ են, քան այդ ռիսկերը», - ասաց մասնագետը:

Նրա խոսքով, օրինակ, AstraZeneca պատվաստանյութի դեպքում 5 մլն պատվաստվողների շրջանում գրանցվել է թրոմբոզի մոտ 30 դեպք: Սակայն բժշկության մեջ այսօր կիրառվում են շատ ավելի բարձր ռիսկեր ունեցող դեղամիջոցներ, բուժումներ եւ վիրահատություններ: Մասնագետի խոսքով, շատ ավելի մեծ թվով մարդիկ մահանում են ավտովթարների ժամանակ, բայց դա չի ստիպում մարդկանց ավտոմեքենա չնստել:

Ինչպես նշեց Շանթ Շխրտումյանը, այն երկրներում, որտեղ մեծ թվով մարդիկ արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, արդեն ակնհայտ է, որ թե հիվանդացությունը, թե մահացությունը ընկնում են, ինչը եւս փաստում է պատվաստման օգուտների եւ արդյունավետության մասին: