Երիտասարդացման մեթոդների փնտրտուքի ընթացքում որոշ մարդիկ գործածում են վամպիրների կողմից հավերժական երիտասարդության համար օգտագործվող նյութը՝ արյունը: Նրանք այն չեն խմում, այլ ներարկումներ են կատարում, ինչը ստացել է «վամպիրի դեմք» անվանումը: Ստացված արդյունքը պահպանվում է վեց ամսից մինչեւ մեկ տարի:
Լաբորանտը հիվանդի արյունից մի քանի կաթիլ է վերցնում, այնուհետեւ էրիթրոցիտները պլազմայից առանձնացնելու համար՝ այն պտտում է ցենտրիֆուգի մեջ, որից հետո ստացված շիջուկը քսում են հիվանդի դեմքին արված փոքրիկ բացվածքների վրա: Այս միջամտությունը թույլ է տալիս փոքրացնել մաշկի ծակոտիների չափերը եւ օգնում է երիտասարդացնել մաշկը:
Քիմ Քարդաշյանը կատարել է նման միջամտություն մարտ ամսին «Քիմը եւ Քորտնին գրավում են Մայամին» շոուի ընթացքում:
«Դա բավականին հակասական միջամտություն է»,- նկատեց նրա բժիշկը՝ Տարիքի վերահսկման ինստիտուտի դոկտոր Գալլոնը: «Արդյո՞ք այն հանդիսանում է պանացեա ծերացման դեմ. Ո՛չ: Մաշկի վիրահատական երիտասարդացման այլընտրա՞նք. Կրկին ո՛չ: Բայց սա լավ մեթոդ է թարմ տեսք ունենալու համար» :
Պլազմայում պարունակվող թրոմբոցիտները պարունակում են «աճի գործոն» կոչվող նյութեր, որոնք ակտիվացնում եւ երիտասարդացնում են բջիջները, բացատրեց Տեքսասի պլաստիկ վիրաբույժ, դոկտոր Ջենիֆեր Ուոլդեն, ով մասնակցում էր պլազմայով եւ լազերով կոմբինացված համատեղ բուժման հետազոտություններին:
«Լավ նորությունն այն է, որ օգտագործելով սեփական բջիջները, հիվանդները գրեթե չեն ենթարկվում ինֆեկցիաների եւ ալերգիկ ռեակցիաների ռիսկին»:
Միջամտությունն արժե 2000 ԱՄՆ դոլար, մինչդեռ ոչ բոլոր փորձագետներն են վստահ, որ այն կլինիկական առումով օգնում է մաշկին:
Նրանք պնդում են, որ մաշկի ծերացումը կարելի է կանխարգելել՝ կրճատելով արեւի տակ գտնվելու ժամանակահատվածը եւ ճիշտ սնվելով, իսկ 2000 դոլարը կարելի է ծախսել մաշկի երիտասարդացման այլ մեթոդների վրա, ինչպիսիք են լազերը, քիմիական բուժումը կամ բոտեքսի ներարկումները:
«Բացի արյունը դեմքին քսելուց՝ ժամանակը հետ տալու բազմաթիվ այլ մեթոդներ կան»,- հայտարարել են փորձագետները:






