Հայաստանում հեմոդիալիզի ծառայության հետագա բարելավման, ինչպես նաեւ երիկամային անբավարարությունը կանխարգելելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի։ Այսպիսի հանձնարարություն է տվել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր մոտ տեղի ունեցած հեմոդիալիզային ծառայության վերաբերյալ քննարկման ժամանակ։ Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից, հաջորդ քննարկմանը աշխատանքային խումբն առաջարկներ կներկայացնի։
Քննարկման ժամանակ ներկայացվեցին վերջին շրջանում մեր հանրապետությունում ծառայության որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ առկա խնդիրները։
«Ակնհայտ է, որ բարելավվել է ծառայության որակը, ինչի արդյունքում հեմոդիալիզ ստացողների կյանքի տեւողությունը երկարել է։ Նաեւ մեծացել է ծառայության ֆիզիկական մատչելիությունը»,- ասաց Արմեն Մուրադյանը։
Նա նշեց, որ այսօր երկու հիմնական խնդիր է ծառացած` ինչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավելի քիչ մարդկանց մոտ զարգանա երիկամային անբավարարություն, որը հեմոդիալիզի կարիք կառաջացնի: Այս ուղղությամբ կարեւորվեց առողջության առաջնային օղակի դերը։
«Հաջորդ խնդիրը հնարավորինս շատ հիվանդների մոտ երիկամի փոխպատվաստում իրականացնելն է, ինչն այդ վիճակից դուրս բերելու միակ ճանապահն է»,-ասաց նախարարը։
Նշվեց, որ Հայաստանում այժմ տարեկան իրականացվում է երիկամի փոխպատվաստման միջինը 10-12 վիրահատություն։ Մինչդեռ եղած մակարդակը պահպանելու համար պետք է կատարվի առնվազն 60 փոխպատվաստում։
Արա Բաբլոյանը հավելեց, որ այդ ծավալի վիրահատություններ հնարավոր է իրականացնել, եթե Հայաստանում եւս կիրառվի փոխպատվաստվող երիկամը դիակից վերցնելու պրակտիկան, ինչի հնարավորությունն ընձեռում է գործող օրենսդրական դաշտը։
«Չենք կարող առաջ գնալ, քանի դեռ փոխպատվաստումներ իրականացվում են միայն «Արաբկիրում»։ Մենք բազմիցս առաջարկել ենք Երեւանի բազմապրոֆիլ այլ կենտրոններում եւս նման թիմեր պատրաստել»։ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը եւս երիկամային անբավարարության զարգացումը կանխելու գործում կարեւորեց ինչպես նեֆրոլոգիական ծառայության զարգացումը, այնպես էլ` առողջության առաջնային օղակի դերը` բերելով«Արաբկիրի» օրինակը, որտեղ երիկամային խնդիրներ ունեցող 800 երեխայի նկատմամբ դիսպանսեր պատշաճ հսկողության արդյունքում նրանց շրջանում հեմոդիալիզի անհրաժեշտությունը նվազել է երեք անգամ։
Հայաստանում երիկամային անբավարարության պատճառագիտության մեջ առաջին տեղերը զբաղեցնում են զարկերակային գերճնշումը (21.1%), շաքարային դիաբետը (19,2%) եւ քրոնիկ գլոմերունեֆրիտը (15,3%)։ Մեկնարկում են սկրինինգային ծրագրերը, այդ թվում` զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի հայտնաբերման նպատակով` թիրախային խմբերի 50 տոկոս ընդգրկվածությամբ։ Տարբեր բարդությունները կանխելու նպատակով կարեւորվեց հայտնաբերվածների հետագա բուժման կազմակերպումը։
«Պոլիկլինիկական ծառայություններն ուժեղացնում ենք, նոր գործառույթներ ենք ավելացնում` մեր բնակչությանն առողջ պահելու նպատակով։ Պարզ քայլերից մինչեւ ազգային ծրագիր իրականացնելով պետք է այնպես անենք, որ հնարավորինս քիչ հիվանդների մոտ առաջանա երիկամսային այն աստիճանի անբավարարություն, որ հեմոդիալիզի անհրաժեշտություն լինի»,-ասաց Արմեն Մուրադյանը։






