МИСиС տեխնոլոգիական հետազոտական ազգային համալսարանի (Ռուսաստան) գիտնականները հակաբիոտիկների օգտագործումը զգալիորեն նվազեցնելու միջոց են գտել: Դրա համար նրանք առաջարկում են օգտագործել նանոմասնիկներ՝ դեղամիջոցները ուղիղ վարակի օջախ հասցնելու համար: Այս մասին նկարագրված է American Chemical Society Applied Materials Interfaces ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ նանոնյութերը կարող են օգնել որոշ դեպքերում մինչեւ 6-7 անգամ նվազեցնել հակաբիոտիկի դոզան, որի շնորհիվ կնվազի օրգանիզմի վրա ծանրաբեռնվածությունը եւ դեղամիջոցների հանդեպ հարուցիչների հարմարվելը:
Գիտնականները այդ նպատակով նախատեսված նանոմասնիկները մշակել են Կիրառական մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի եւ Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գործընկերների հետ միասին: Բորի հեքսագոնալ նիտրիդի (h-BN) հիման վրա արծաթի մասնիկներով նանոհիբրիդը, ըստ գիտնականների, բարձր մանրէասպան եւ հակասնկային ակտիվություն է ցուցաբերել:
«100 նանոմետր չափով h-BN նանոմասնիկները ստանում են գազային փուլից քիմիական նստեցմամբ, այնուհետեւ արծաթի մասնիկները արծաթի նիտրատի ուլտրամանուշակագույն տարրալուծման միջոցով նստում են դրանց վրա»,- պատմում է հետազոտության հեղինակներից ինժեներ Քրիստինա Գուդզը:
Դրանից հետո նանոմասնիկների խոռոչները հագենում են հակաբիոտիկներով, որոնք, իրենց հերթին, դեղերի ներարկումից հետո 9 օրվա ընթացքում աստիճանաբար մտնում են օրգանիզ: Իսկ արծաթի մասնիկները օգնում են հասնել լրացուցիչ մանրեասպան ազդեցության:
Մասնագետների կարծիքով՝ նանոմասնիկները կարող են հակաբիոտիկների բարձր չափաբաժին պարունակել, ինչպես նաեւ արյունատար համակարգից հեշտությամբ ներթափանցել հյուսվածքների մեջ, ապա հետ գնալ՝ այդպիսով դեղերի մշտական մատակարարում ապահովելով վարակի օջախին: Գիտնականների կարծիքով՝ դեղամիջոցները լաբորատոր փորձարկումներ են անցել ավելի քան 50 բակտերիալ եւ սնկային մշակբույսերի վրա:






