Հայաստանի բնակչության մեծ մասի համար որակյալ բժշկական ծառայությունները դեռ մատչելի չեն: Իսկ առողջապահության ոլորտում առկա խնդիրները կորոնավիրուսի համավարակի ֆոնին միայն ավելի են ակնհայտ դարձել: Այսպիսի կարծիք բժշկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտնեց առողջապահության կազմակերպիչ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Գեւորգ Գրիգորյանը:

Բժիշկները հավաքվել էին, որպեսզի քննարկեն իրենց ոլորտում առկա խնդիրները, կարծիքներ ու մտքեր փոխանակեն դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Հայաստանում այսօր բժիշկներին հուզող հիմնական խնդիրներից մեկը վերաբերում է աշխատավարձերին: Թեեւ որոշ մասնավոր բժշկական կենտրոններում բժիշկը ստանում է դրամարկղում պացիենտի վճարած գումարի մոտ 40-50%-ը, մյուսներում ստանում է 15%-ը, կամ նույնիսկ՝ 13%-ը:

Որոշ բժիշկների մտահոգում էին առողջապահության նախարարության աշխատանքի հետ կապված խնդիրները: Մասնագետներից մեկը նշեց, որ UEFA-ի նման խոշոր կազմակերպությունը, որի բյուջեն հասնում է 7 միլիարդ դոլարի, ընդամենը 16 հոգուց բաղկացած կառավարող կոմիտե ունի: Իսկ առողջապահության նախարարությունում աշխատում է շուրջ 250 մարդ, թեեւ այդ հաստատության բյուջեն շատ ավելի փոքր է, եւ կատարվող աշխատանքի ծավալը, ամենայն հավանականությամբ, կարող են կատարել շատ ավելի քիչ աշխատողներ:

Մյուս բժիշկները նշեցին կեղծ բարեփոխումների, որոշ բժշկական հաստատությունների ապօրինի փակման կամ ֆինանսավորման դադարեցման խնդիրները՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի մարզերում: Բացի այդ, ըստ մասնագետների, հաճախ առողջապահության նախարարության ներկայացուցիչների շուրթերից բացահայտ սուտ է հնչում, իսկ բուժաշխատողները հաճախ ճնշումների են ենթարկվում սոցիալական ցանցերում իրենց հայացքների, մեկնաբանությունների եւ «լայքերի» համար:

Շարունակական բժշկական կրթության ներկայիս համակարգը, բժիշկների կարծիքով, նույնպես անկատար է եւ բազմաթիվ թերություններ ու խնդիրներ ունի: Ընդգծվեց նաեւ արհմիությունների դերի բարձրացման կարեւորությունը, քանի որ շատ հարցեր հնարավոր է լուծել հենց դրանց մակարդակով:

Փորձագետները ընդգծեցին նաեւ առկա սքրինինգային ծրագրերի ֆինանսավորման բարելավման եւ նորերի ներդրման կարեւորությունը: Չէ՞ որ հենց սքրինինգային ծրագրերն են հիվանդությունները վաղ փուլերում հայտնաբերելու հնարավորություն տալիս: Այսօր, ըստ փորձագետների, նման ծրագրերը քիչ են, եւ դրանք բավականին վատ են աշխատում: