Չինաստանում H10N3 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքն են գրանցել: Պացիենտը չինական Չժենցզյան քաղաքի 41-ամյա բնակիչ է, ով հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ եւ հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներով:
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ նա վարակվել է թռչնագրիպի մի տեսակով, որը նախկինում երբեք չի փոխանցվել մարդկանց, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Առողջապահության ազգային հանձնաժողովին (NHC): Համաճարակաբաններին դեռ չի հաջողվել պարզել, թե ինչ հանգամանքներում է նա վարակվել:
Ներկայումս հիվանդի վիճակը կայուն է եւ շուտով նա դուրս կգրվի հիվանդանոցից: Նրա մտերիմներից ոչ մեկը չի վարակվել:
NHC-ն նշել է, որ H10N3-ը տնային թռչունների ամենաքիչ վտանգավոր շտամներից է, եւ մարդկանց զանգվածային վարակման վտանգը շատ ցածր է:






