Արցախյան պատերազմում զոհվածների դիերի դատաբժշկական փորձաքննությունները Հայաստանում իրականացվում էին սկսած հենց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, եւ մինչ օրս 3500-ից ավելի դիակների եւ մասունքների փորձաքննություն է կատարվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գեւորգյանը:

Նրա խոսքով, դրանք բարդագույն փորձաքննություններ էին, «սովորական» փորձաքննություններ չէին: Դիակները մասնագետների էին հասնում արդեն նեխած, մասնատված, վայրի կենդանիների կողմից հոշոտված, աուտոլիտիկ փոփոխությունների ենթարկված որդերի թրթուռներով պատված, խիստ վնասված վիճակում: Հաճախ դրանք ուղղակի մասունքներ էին, կմախքացած ոսկրեր՝ շատ քիչ քանակությամբ փափուկ հյուսվածքներով: Նման դիերի եւ մասունքների փորձաքննություն իրականացնելը պահանջում էր թե մասնագիտական, թե հոգեբանական ուժերի մեծ լարում:

«Մենք գործ չենք ունեցել թարմ դիակների հետ, մենք գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողած, արեւի տակ մնացած դիակների հետ, կենդանիների կողմից հոշոտված դիակների հետ», - նշեց մասնագետը, ավելացնելով, որ նույնիսկ թշնամուն չէր ցանկանա նման փորձաքննություններ անել:

Ամիսներ շարունակ դատաբժշկական փորձագետները տուն չէին գնում, քնում էին մանրադիտակի առջեւ, ցանկանալով հնարավորինս շուտ մասունքներից եւ դիերից նմուշներ անջատել եւ դրանք նույնականացնել: Դա չափազանց ծանր աշխատանք էր՝ թե ֆիզիկապես, եւ թե հոգեպես, միջավայրն էլ անտանելի էր, բայց մասնագետները, Արմեն Գեւորգյանի խոսքով, չէին կանգնում եւ շարունակում էին իրենց աշխատանքը: