Աշնանը Հայաստանը կունենա Johnson ընկերության արտադրության մոտ 50 000 դեղաչափ պատվաստանյութ, ինչպես նաեւ մոտ 300 000 դեղաչափ «Նովովաքս» ընկերության պատվաստանյութ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Առաջինն օգտագործվում է մեկ դեղաչափով, երկրորդը՝ երկու:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ վերջին 2-3 ամիսների ընթացքում հաճարակային իրավիճակը Հայաստանում բավական լավ եւ կառավարելի է: Սակայն պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկիրը շարունակի մնալ համաճարակային առումով այսպես կոչված «կանաչ» գոտում:

«Ցավոք, պատվաստումային գործընթացն աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը եւ վարակին հնարավորություն չտալ անընդհատ մուտացվելու», - ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով, նոր դելտա շտամը Հայաստանում դեռ չի հայտնաբերվել, սակայն այն արդեն մեծ տարածում ունի ՌԴ-ում եւ Վրաստանում: