Որոշ մարդիկ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո բարձր ջերմություն եւ այլ կողմնակի ազդեցություններ են ունենում, իսկ ոմանք ընդհանրապես ոչինչ չեն զգում: Ավելին, այդ կողմնակի ազդեցությունները տարբերվում են ինտենսիվությամբ, եւ ախտանիշներն էլ բոլորի մոտ տարբեր են լինում:

Ինչո՞ւ է այդպես լինում

Գիտնականները բացատրում են, որ կողմնակի ազդեցություններ առաջանում են «պաթոգենների» հանդեպ իմունային համակարգի արձագանքի հետեւանքով։ «Հասկանալով, որ օտար բաղադրիչ է մտել օրգանիզմ, իմունային համակարգը սկսում է գործել: Մի կողմից՝ լեյկոցիտներն ու պաշտպանիչ հակամարմինները ուղարկվում են պոտենցիալ վնասատուի դեմ պայքարելու համար, մյուս կողմից՝ ակտիվանում է այն բորբոքումը, որը կոչված է հիվանդության հարուցիչին լիակատար ոչնչացման հասցնել: Այդ պահին մարդը կարող է զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են տենդը, հոգնածությունը, մկանների ցավը, դողը եւ այլն:

Սակայն ոչ բոլորն են բախվում այս կամ այլ կողմնակի ռեակցիաների: Այս ամենը, ըստ գիտնականների, շատ անհատական է: Կարձագանքի՞ արդյոք մարմինը պատվաստմանը, եւ հատկապես ինչպես, կախված է նրանից, թե ինչպես է իմունային համակարգը ընդունում պատվաստանյութում պարունակվող հակագենը:

Էլ ի՞նչը կարող է նպաստել կողմնակի ազդեցությունների հայտնվելուն

Այնպիսի գործոնները, ինչպիսիք են տարիքը, սեռը, արդեն գոյություն ունեցող իմունիտետը, առողջական վիճակը, հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործումը, նույնպես կարող են ազդել պատվաստման դեպքում կողմնակի ռեակցիաների առաջացման վրա: Հետաքրքիր է, որ երիտասարդները, կարծես, ավելի հաճախ են բախվում նման ռեակցիաների, քան տարեցները: Բացի այդ, կանայք ավելի հավանական է, որ ունենան այսպիսի կողմնակի ազդեցություններ, քան տղամարդիկ: Ըստ երեւույթին, կանանց օրգանիզմում էստրոգենի բարձր մակարդակը կարող է հանգեցնել ավելի մեծ քանակի բորբոքային ռեակցիաների, ինչպես նաեւ դրանց տեւողության ավելացման:

Եթե կողմնակի ռեակցիաներ չկան, դա վա՞տ է

Պատվաստման հանդեպ շոշափելի ռեակցիաների բացակայությունը կամ դրանց շատ թույլ դրսեւորումը չի նշանակում, որ իմունային համակարգը չի ընդունել պատվաստանյութը կամ որ պատվաստանյութը չի գործում: Դա նշանակում է միայն մարմնի արձագանքի տարբերություն: Շատ մարդկանց համար, ովքեր կողմնակի ազդեցություն չեն ունեցել առաջին ներարկումից հետո, դրանք արտահայտվում են երկրորդ դեղաչափից հետո: Շատերի մոտ ընդհանրապես որեւէ ռեակցիա չի արտահայտվում, բայց հակամարմիններն օրգանիզմում արտադրվում են։